Ուկրաինան անցած գիշեր հրթիռակոծվել է

Ուկրաինան անցած գիշեր հրթիռակոծվել է

Ուկրաինան գիշերը լայնամասշտաբ հրթիռակոծության է ենթարկվել: Սա այս ամսվա սկզբից արդեն 8-րդ զանգվածային հարձակումն է: Երկրի տարբեր մարզերում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, Կիևում պայթյուններ են տեղի ունեցել: Ուկրաինական տարածքի վրա արձակվել է օդային, ծովային և ցամաքային տեղակայման տարբեր տեսակի 18 հրթիռ:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին իր Telegram ալիքում:

Ըստ ԶՈւ գլխավոր հրամանատարի՝ տեղի ժամանակով ժամը 03:30-ի սահմաններում ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինային հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններից: ՄիԳ-31Կ վեց ինքնաթիռներից արձակվել է վեց Խ-47Մ2 «Կինժալ» գերձայնային հրթիռ, ինը «Կալիբր» թևավոր հրթիռ, իսկ «Ս-400», «Իսկանդեր-Մ» համակարգերից՝ 3 հրթիռ: Զալուժնիի պնդմամբ՝ բոլոր 18 հրթիռները ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի կողմից:

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը հավելել է, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել նաև «Շահիդ-136/131» ԱԹՍ-ներով՝ չնայած ռուսական և իրանական կողմերը բազմիցս հայտարարել են, որ Իրանը ՌԴ-ին ԱԹՍ-ներ չի տրամադրել Ուկրաինայում ռազմական գործողություններում օգտագործելու համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանել այս հարձակումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում