Chat Lock. WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել շատ անձնական չատերի համար
Նմանատիպ
WhatsApp մեսենջերում նոր գործառույթ է հայտնվել, որը թույլ է տալիս պաշտպանել անձնական նամակագրությունը գաղտնաբառով կամ կենսաչափական տվյալներով, այս մասին հաղորդվում է մեսենջերի պաշտոնական բլոգում։
Chat Lock գործառույթը թույլ է տալիս երկխոսությունները հիմնական էկրանից տեղափոխել առանձին թղթապանակ: Այն բացելու համար հարկավոր է մուտքագրել գաղտնաբառ կամ սկանավորել կենսաչափական տվյալները, օրինակ՝ մատնահետքը: Բացի դրանից, մասնավոր չատերից ստացված հաղորդագրությունների բովանդակությունը ավտոմատ կերպով կթաքցվի ծանուցումների մեջ:
Կոնկրետ չատը փակ դարձնելու համար անհրաժեշտ է չատի մեջ սեղմել զրուցակցի կամ խմբի անվան վրա, այնուհետև ընտրել ցանկալի տարբերակը: Անձնական զրույցները էկրանին տեսանելի դարձնելու համար հարկավոր է մատը դանդաղ սահեցնել դրա վրայով, մուտքագրել գաղտնաբառը կամ տրամադրել կենսաչափական տվյալները:
«Կարծում ենք, որ այս գործառույթը օգտակար կլինի այն իրավիճակներում, երբ ինչ-ինչ պատճառներով դուք ձեր հեռախոսը հանձնում եք մտերիմ մեկին կամ որևէ այլ անձի, և հենց այդ պահին ստանում եք շատ անձնական հաղորդագրություն»,- մեկնաբանել է WhatsApp-ի թիմը՝ հավելելով, որ գործառույթն արդեն հասանելի է մի շարք օգտատերերի համար։
Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ ապագայում կլինեն այլ նորամուծություններ, այդ թվում՝ նոր գործառույթ, որը թույլ կտա փակել չատերը փոխկապակցված սարքերում, ինչպես նաև ստեղծել եզակի գաղտնաբառ, որը կարող է օգտագործվել հեռախոսի գաղտնաբառի փոխարեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում