Այսօր կայացել է «Արի տուն»-2012թ. ծրագրի առաջին փուլի բացումը

ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր կայացել է «Արի տուն»-2012թ. ծրագրի առաջին փուլի բացումը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ, Երևանի վարչական շրջանների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, «Արի տուն»-2012թ. ծրագրի առաջին փուլի մասնակիցները, տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով ներկաներին և ազդարարելով «Արի տուն»-2012թ. ծրագրի մեկնարկը’ ՀՀ սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի մասնակից երեխաներին և նրանց ծնողներին’ Հայրենիք գալու և Հայրենիքը ճանաչելու մեծ ցանկության համար:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը ներկայացրել է 1-ին փուլի ծրագիրը, ըստ որի մասնակիցները կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր և ուսումնական հաստատություններ, կլինեն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և այլն, այնուհետև 4 օր կանցկացնեն Աղավնաձորի ճամբարում:

«Արի տուն» ծրագրի նպատակն է’ սփյուռքահայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ արմատավորել ազգային արժեքային համակարգ, ծանոթացնել հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:

«Արի տուն» ծրագրի առաջին փուլին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և ԱՄՆ-ից 25 երիտասարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում