ԱԱԾ-ն Վ.Օսկանյանին կասկածում է փողերի լվացման մեջ
Նմանատիպ
ՀՀ նախկին արտգործնախարար, 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն իրեն որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում: Ըստ՝ Վ.Օսկանյանի քրեական գործն առնչվում է իրեն և իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հիմնադրման օրվանից՝ Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ և օրենքի տառին ու ոգուն համապատասխան:
Սիվիլիթասի գործունեության առաջին օրերից՝ 2008-ից սկսած՝ հիմնադրամին ֆինանսավորել և նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների և Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ինչպես նաև այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ և անհատներ:
Այս ամենի մասին չէին կարող չիմանալ Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցները:
Ինձ համար զարմանալի և տարօրինակ է, որ իմ և Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը որևէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր և անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում:
Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում