Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը
Նմանատիպ
Հրաշափառ Հարությունից 40 օր անց ողջ տիեզերքում հնչում է Աստծո փրկագործության խորհրդի լրման ղողանջը, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս համբարձվում է երկինք և նստում Հոր Աջ կողմում՝ իրար կապելով երկինքն ու երկիրը։
Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից․
«Համբարձման տոնն իր մեջ ամփոփում է յուրաքանչյուրի կյանքի իմաստը, քանզի քրիստոնյան հստակ գիտակցում է, որ որքան էլ երկար լինի իրեն ընծայված կյանքի տևողությունը, միևնույն է, մի օր պիտի գնա այս աշխարհից: Իսկ թե ո՞ւր է գնալու, իմանում է հատկապես այն ժամանակ, երբ գիտակցում է, որ կարող է անցնել Քրիստոսի համբարձման ճանապարհով, երբ երկրային կյանքում պահպանած կլինի սերն ու հավատարմությունն առ Աստված և խոնարհ նվիրումը՝ ուղղված նրա պատգամների կատարմանը։
Քրիստոս համբարձվելով՝ ավելի մոտեցավ մարդկանց։ Չէ՞ որ Նա գնաց երկինք, իսկ Սուրբ Գիրքն ուսուցանում է, որ երկինքը շատ հեռու չէ, և համաձայն Եկեղեցու հայրերի մեկնության՝ յուրաքանչյուր մարդ իր մեջ պահած ունի մի կտոր երկինք, քանզի ասված է․ «Այլ դու երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6.6), իսկ հետո, երբ Հիսուս աղոթել սովորեցրեց, ասաց․ «Հայր մեր, որ երկնքում ես․․․» (Մատթեոս 6.9)։ Այսինքն՝ երկնքում գտնվող Հայրը տեսնում և լսում է մարդուն նույնիսկ այն ժամանակ, երբ մարդն ինքն իր հետ միայնակ փակված է իր սենյակում, որովհետև երկնքից մի կտոր Տերը թողել է յուրաքանչյուր անձի մեջ և Ինքն էլ գտնվելով Երկնքում՝ միշտ մնում է նրանց հետ ու սպասում նրանց դարձին։
Համբարձման տոնը մարդկության պատմության կարևորագույն օրերից մեկն է, հայ ժողովրդի կյանքում կրկնակի իմաստավորում է ստացել, քանզի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: 484 թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թ.՝ հենց Համբարձման տոնին, Վաղարշապատում գումարված ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ վերահաստատվեց Քրիստոսի իջման վայրում՝ Սուրբ Էջմիածնում։
Համբարձման տոնին մատուցվում է Սուրբ Պատարագ։ Այս տոնը ևս մեկ հնարավորություն է ինքնանորոգման, խոկման և Տիրոջ կողմից մեզ տրված ճանապարհով անցնելու համար՝ քաջալերվելով համբարձյալ Քրիստոսի «Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28.20) ավետաբեր խոստմամբ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում