4,2 միլիարդ դրամ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով վերազինելու համար
Նմանատիպ
ՀՀ գիտության կոմիտեում ամփոփվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթը, որը հայտարարվել էր 2022 թ. դեկտեմբերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ:
Գիտական սարքերի ձեռքբերման նպատակով ՀՀ գիտական կազմակերպություններին տրամադրվող գումարն իր մեծությամբ աննախադեպ է: 2022 թվականին ևս նույն նպատակի համար պետբյուջեից խոշոր հատկացում էր արվել՝ 2 միլիարդ 933 միլիոն դրամ, իսկ մինչ այդ կազմակերպված նախորդ բոլոր մրցույթների արդյունքում տրամադրված գումարները միասին չեն գերազանցել 3 միլիարդը:
Ի տարբերություն գիտական սարքերի ձեռքբերմանն ուղղված մյուս մրցույթների` այս դեպքում գիտական սարքերի գնման գործընթացը կազմակերպելու է ՀՀ գիտության կոմիտեն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այնուհետև դրանք տրամադրելու է հայտատու կազմակերպությանը:
Ձեռք բերված սարքերը տեղակայվելու են մրցույթին հայտ ներկայացրած՝ ցանկում նշված կազմակերպություններում, սակայն ինչպես պահանջում են մրցույթի պայմանները, այլ կազմակերպությունների համար ևս հասանելի կլինեն:
Սարքերի գնման համար ներկայացված հայտերը գնահատելիս հաշվի են առնվել ոչ միայն գիտական գործունեության համար սարքերի անհրաժեշտությունը, այլև համատեղ օգտագործման մեխանիզմները, շահագործման ծախսերը և դրանց ծախսածածկման հնարավորությունները, հնարավոր եկամուտները, և այլն:
Մրցույթի շահառու կազմակերպությունը պետք է մշակի գնված սարքի/սարքավորման համատեղ օգտագործելու ընթացակարգը և պաշտոնական կայքում հրապարակի սարքի տեխնիկական բնութագիրը և կիրառման հնարավորությունների մասին տեղեկատվությունը, հետագայում նաև կոմիտե ներկայացնի հաշվետվություններ սարքի շահագործման, իրականացված աշխատանքների ծավալի, ստացված արդյունքների վերաբերյալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում