Պետրոս Դուրյան՝ «վսեմ երազներով», բայց «սև ճակատագրով»

Պետրոս Դուրյան՝ «վսեմ երազներով», բայց «սև ճակատագրով»

«Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս», – ասաց Պետրոս Դուրյանը մահից առաջ։

Դուրյանը մահացավ ընդամենը 20 տարեկանում, բայց այսօր դպրոցական ու բուհական ծրագրերում ներառված է նրա պոեզիա: Դուրյանը ճիշտ էր…

Թօթուեց թևերն հոգիս մոլար,

Ճանչեց ըզնէ, գեղ ու կըրակ՝

Սիրտն անապակ ինչպէս վտակ,

Անմեղ՝ ինչպէս սիւք դալկահար,

Հաւատարիմ՝ ինչպէս քընար,

Հրաժեշտ տուաւ կեանքի մենակ:

Բոյլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ,

Քուրայ մը խօսք դիւթեց իմ սիրտ:

Նրա առաջին գիրքը լույս տեսավ մահից հետո: Որքան էլ հիմա հիացմունքով կարդանք նրա բանաստեղծությունները, միևնույնն է, դրանք ցավի մասին են, որովհետև որքան էլ քաղցր է կյանքը, նույնքան ցավոտ է ու դաժան շատերի համար: Դուրյանի ընդամենը 20 տարի տևած կյանքը լի էր փորձություններով, կորուստներով, աղքատությամբ, այդ տարիքի երիտասարդին ոչ հատուկ կյանքի ծանր ռիթմով, որն ավարտվեց այն ժամանակ մահվան դատավճիռ համարվող հիվանդությամբ՝ թոքախտով:

Շատերը զիս մերժեցին,

«Քնար մ՝ունի սոսկըսին.

Մին՝ «դողդոջ է, գույն չունի

Մյուսն ալ ըսավ – «Կը մեռնի»…

Սիրո գեղեցիկ, բայց հուսահատ քնարերգությունից անդին՝ Դուրյանը նաև բացառիկ հայ էր: Նա փնտրել ու գտել էր հայրական Զմպայան ազգանվան հայերեն տարբերակն ու 13 տարեկանից իր գրած բանաստեղծությունները ստորագրել Դուրյան ազգանվամբ, ինչը նրա ջանքերով դարձել է տոհմական ազգանուն:

Դուրյանը հայրենական պոեզիայում բանաստեղծական  ռոմանտիկական դրամայի առաջին ծիծեռնակն էր: Նրա գրական ժառանգության մեջ իր տարիքին հատուկ սիրո թեմատիկայից բացի առկա է հայրենիքը, բնությունը:

Էհ, մնաք բարով, Աստված և արև,

Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերև․․․

Աստղ մ՚ալ ես կ՚երթամ հավելուլ երկնից,

Աստղերն ի՞նչ են որ եթե ո՛չ անբիծ

Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին,

Որ թըռին այրել ճակատն երկնքին.

Այլ այն Աստուծույն՝ շանթերո՜ւ արմատ՝

Հավելուն զենքերն ու զարդերն հըրատ

Իր «Տրտունջք»-ը պատանի գրողն ամփոփում է «Աստուծո ծաղրն է աշխարհ ալ արդեն․․․» տողով: Բողոքով, կսկիծով, ըմբոստությամբ, հուսահատությամբ ու այլ նոտաներով լեցուն դուրյանական պոեզիան նաև լի էր հույսով ու երազանքով, որը կապված էր հայրենիքի ու հայի հետ:

Հարուստն ու կղեր թե ազգ ըզգան ու վառին,

Թե «լույս և սեր» Հայ սրտերուն մեջ թառին,

Թե լուսո դարն երկնե «ազատ զավակներ»,

Թ՚եղբայրություն, սիրո վառին կըրակներ,

Թեև ըլլամ ես մեռել,

Դամբանես դուրս կ՚նետվիմ ԱԶԱՏ Հայն տեսնել:

«Նոր սև օրեր» Հայաստանը շատ է տեսել, հիմա էլ դրանցից հերթականներն ենք ապրում և դեռ ապրելու ենք, որովհետև «Մի՛շտ կը ցանե Հայն, չի հնձեր․․․», բայց որքան էլ հայն արտասուք ու քրտինք թափի, միևնույնն է «նոր սև օրերում» հավի պես չմորթվելու համար հայը պետք է «զենքին դեմ զե՛նք» հանի:

Է՜հ, մի՛ վախեք, ասեղ մանգամ պետք չէ մեզ,

Այլ հայրենի սոսկ զգացում մաղեկեզ,

Ժանգոտ սուր մը, պատռած դրոշ մը թե չունինք,

Կուրծերնուս տակ տըրոփող սի՞րտ մալ չունինք.

Օ՜ն, ոտքերնիս զարնե՚նք գետին,

Հայտնենք մեր ցավը ահագին

Հայ գրականության հավերժ պատանին՝ Պետրոս Դուրյանը բազմաշերտ պոետ էր: 20 տարեկանում այդքան խորը գրել, այդքան հայ լինել, որ մտնես աշխարհի ամենահին ու ամենահարուստ պատմությամբ ազգերից մեկի գրականության ոսկե էջեր ու մահվան մահճում էլ մտածել հայրենիքի մասին…

Հէք մարդկութեան մէկ ոստը գօս՝

Հայրենիք մը ունիմ թշուառ,

Չօգնած անոր մեռնի՜լ աննշան,

Օ՜հ, ա՛յս է սոսկ ցաւ ինձ համար։

Եվ որպես ամփոփում ասեմ՝ տաղանդը տարիք չի հարցնում, որովհետև 20 տարի ապրած, 7 տարի ստեղծագործած հայ պատանու բանաստեղծություններն այսօր հայտնի են ամբողջ աշխարհին. թարգմանվել են պարսկերեն, թուրքերեն, իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, ռումիներեն, բուլղարերեն, հունարեն, հունգարերեն, որովհետև համայն մարդկությանը միավորում է երբևէ գալիք այն ժամանակը, «երբ տիեզերք համեղբայրության վառարան մը պիտի ըլլա»:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում