Աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրները՝ «Մեծ յոթնյակը» (G7), Իրանին կոչ են արել դադարեցնել աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի հետ հակամարտությունում։
Այս մասին նշվել է G7-ի Հիրոսիմայի գագաթնաժողովում ընդունված հայտարարությունում։
«Մենք լուրջ անհանգստություն ենք հայտնում Իրանի ապակայունացնող գործունեության առիթով, ներառյալ հրթիռների, անօդաչուների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների հանձնումը պետական և ոչ պետական սուբյեկտներին և խամաճիկային խմբերին՝ խախտելով ՄԱԿ ԱԽ, ներառյալ՝ 2231 և 2216 բանաձևերը,- նշվել է հայտարարությունում։- Իրանը պետք է դադարեցնի աջակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին ։ Մասնավորապես, մենք կոչ ենք անում Իրանին դադարեցնել ռազմական անօդաչու թռչող սարքերի տրամադրումը, որոնք օգտագործվել են Ուկրաինայի կրիտիկականորեն կարևոր ենթակառուցվածքը գրոհելու համար»,-ասվում է հայտարարությունում։
Նշենք, որ Ռուսաստանը և Իրանը հերքում են իրանական անօդաչուների օգտագործումն Ուկրաինայի հակամարտությունում։