Նուբարաշենի աղբավայր. Երևանի ծխացող սպառնալիքը
Նմանատիպ
Նուբարաշենի աղբավայրում մայիսի 18-ին հրդեհ է բռնկվել․ Մոտ 5 հեկտար տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խ/մ աղբ։
Չնայած հորդառատ անձրևներին և հրդեհաշիջման աշխատանքներին՝ հրդեհը չի հաջողվում մարել․ ծուխը տարածվում է մայրաքաղաքի և հարակից բնակավայրերի վրա։
Դեպքի վայրում շարունակում են աշխատել 8 բեռնատար, 5 էքսկավատոր, 4 ջրատար և 2 մարտական հաշվարկ։
Նուբարաշենի քաղաքային աղբավայրը Հայաստանի ամենախոշոր աղբավայրն է՝ 52,3 հեկտար տարածքով։ Այն ձևավորվել է 1950-ականներին՝ առանց որևէ նախագծի, ուղղակի տվյալ տարածքն առանձնացվել է քաղաքային աղբը կուտակելու նպատակով։
Շուրջ 60 տարի մայրաքաղաքի տարբեր անկյուններից հավաքված կենցաղային թափոնների մեծ մասը կուտակվում է հենց այստեղ։ Խոսքը տարեկան 300․000 տոննա թափոնի մասին է, որոնք վերամշակման չեն ենթարկվում։ Տարածքը չի համապատասխանում աղբավայրերի համար նախատեսված որևէ չափորոշիչի: Այն մեկուսացված չէ ցանկապատով, չունի նաև հիմքի մեկուսացում, հոսքաջրերի հավաքման տեխնիկական համակարգ, ինչի պատճառով հոսքաջրերը աղբավայրի տարածքից հոսում են գրունտի ենթաշերտ՝ աղտոտելով ստորգետնյա ջրերը:
Աղբի մեծ կուտակումներից արտազատվում է մեթան գազ, որի պատճառով այստեղ հաճախ հրդեհներ են բռնկվում։ Թափոնների մեծ մասի ինքնայրման ու թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում տարբեր տիպի թունավոր, ներառյալ քաղցկեղածին նյութեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում