Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․ Փաշինյան
Նմանատիպ
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` հստակեցնելով, թե ինչ է նշանակում, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով։
«Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք` Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու– Ստեփանակերտ ֆորմատով»,– նշել է Փաշինյանը։
Անդրադառնալով հարցին` արդյոք ՀՀ կառավարությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, Փաշինյանը նշեց` ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«86,6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ–ն պատրաստ է ճանաչել, և մեր ընկալմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29,8 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը»,– շեշտեց Փաշինյանը։
Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ–Բաքու երկխոսության ֆորմատում, և Հայաստանը կարևոր է համարում այդ բանակցություններում միջազգային երաշխիքների ստեղծումը։
Փաշինյանը նշել է, որ միջազգային համապատասխան մեխանիզմների բացակայության դեպքում հնարավոր է` Լեռնային Ղարաբաղի հայությունն էթնիկ զտումների ենթարկվի։ Պետք են երաշխիքներ, որ նման քաղաքականություն չի իրականացվելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում