ԵՊԼՀ նոր ռեկտոր է ընտրվել Գայանե Գասպարյանը
Նմանատիպ
Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանի Խորհուրդը նոր ռեկտոր է ընտրել:
22 կողմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ԵՊԼՀ ռեկտոր է ընտրվել Գայանե Գասպարյանը: Նշենք, որ ի սկզբանե առաջադրված էին երկու թեկնածու՝ Գ.Գասպարյանը և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը, ով, չսպասելով ընտրությունների արդյունքներին, ինքնաբացարկ է հայտարարել և հեռացել:
Ուսանողների և դասախոսների մի մեծ խումբ ողջույններով և շնորհավորանքներով է դիմավորել նորընտիր ռեկտորին՝ ծաղկեփնջեր և մեկական վարդեր նվիրելով:
Գ.Գասպարյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ռեկտորի պաշտոնում, նշել է. «Շատ կարևորում եմ բարոյահոգեբանական վիճակի հարթեցումը, որպեսզի ժողովուրդը կարողանա իրեն հանգիստ զգալ համալսարանում, ժպիտի դեմքին մտնեն համալսարան: Գործ շատ եմ արել այս 1-1.5 ամսվա ընթացքում, շարունակելու ենք հարթ ու հանգիստ մեր գործունեությունը»:
Մեկնաբանելով իր և նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի միջև լարվածության մասին հարցը՝ Գ.Գասպարյանն ասել է, որ չի ցանկանում բացասական որևէ բան ասել նախկին ռեկտորի մասին. «Նա լավ գիտնական է, լավ ղեկավար է, շատ տարիներ իր հետ աշխատել ենք շատ համերաշխ ու լավ: Ժողովուրդ, մի ստիպեք ինձ որևէ բան ասել, այսքան ժամանակ որևէ ասուլիս չեմ տվել, որևէ բան չեմ ասել մեր ռեկտորի հասցեին, հիմա էլ չեմ ուզում որևէ բան ասել»:
Նշենք, որ վաղը կայանալու է ԵՊԼՀ նախկին ռեկտոր Ս.Զոլյանի մամլո ասուլիսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում