Վարչապետն ԱԺ անկախ պատգամավորների հետ քննարկել է կառավարության ծրագիրը
Նմանատիպ
«Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային Ժողովի անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Արայիկ Գրիգորյանի հետ քննարկել է կառավարության ծրագրի հիմնադրույթները»: Այս մասին, HayNews.am-ի խնդրանքով նշել է ՀՀ վարչապետի մամլո խոսնակի պաշտոնակատար Հարություն Բերբերյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Տիգրան Սարգսյանը շարունակելու է Ազգային Ժողովի խմբակցությունների հետ կառավարության ծրագրի հիմնադրույթների քննարկումը:
Այն հարցին, թե որտեղ է կայացել հանդիպումը և ում նախաձեռնությամբ, Բերբերյանը պատասխանել է, որ հանդիպումը տեղի է ունեցել կառավարությունում՝ վարչապետի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով հանդիպել էր ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ:
Տ.Սարգսյանը ծրագրի քննարկման առաջարկ չէր արել միայն Հայ ազգային կոնգրեսին: Այդ կապակցությամբ Կառավարության մամլո ծառայությունը նշել էր. «Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ երբ կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի, ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու, ի սկզբանե փակուղի է տանում ծրագրի հնարավոր քննարկումը Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի կառավարության միջեւ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում