20 տարի առաջ այս օրերին հայաթափվել է Շահումյանի շրջանը
Նմանատիպ
Այսօր Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի դահլիճում տեղի կունենան Շահումյանի շրջանի հայաթափման ցավալի փաստին նվիրված հասարակական-քաղաքական քննարկումներ: Այդ մասին Times.am-ի լրագրողին ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Կիմ Ղահրամանյանը: Մեր զրուցակցի խոսքերի համաձայն, քննարկման մասնակիցները կխոսեն Արցախի Հանրապետության և ընդհանրապես ողջ հայության համար Շահումյանի շրջանի քաղաքական, ռազմավարական և մշակութային կարևորության մասին: «Կարծարծվի Շահումյանի փախստականների, ադրբեջանական գերության մեջ մնացած հայկական մշակութային հուշարձանների, հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմին և նմանատիպ այլ խնդիրներին վերաբերվող հարցեր», – ասել է Ղահրամանյանը:
Այս տարի լրանում է ԼՂՀ Շահումյանի շրջանի հայաթափման 20 տարին: Երկու տասնամյակ առաջ այս օրերին Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի 21.000 բնակիչներ բռնի տեղահանվեցին ադրբեջանցիների կողմից: Հյուսիսային Արցախի 18 հայկական գյուղերը բռնազավթվեցին և այսօր էլ մնում են օկուպացված ադրբեջանական զինված ուժերի կողմից: Գետաշենը, իսկ այնուհետև Շահումյանը ադրբեջանցիները գրավել են «Կոլցո» ծածկանվամբ տխրահռչակ օպերացիայի շրջանակներում, որի իրականացման գործում թշնամուն մեծապես աջակցում էին Խորհրդային Միության Անդրկովկասյան ռազմական օկրուգի 4-րդ բանակի ստորաբաժանումներն ու վարձկանները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում