Բաքուն ու Երևանն են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց շահերին․Գալուզին
Նմանատիպ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա, ընդորում, ադրբեջանական և հայկական կողմերն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնարար շահերին և ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղությունը։
Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին՝ նա մատնանշել է, որ «հաշվի առնելով այս հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ իրենք չեն կարող մեկնաբանել բանակցային գործընթացի ընթացքը, որպեսզի չխոչընդոտեն դրա առաջընթացին»։
«Բաքուն և Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնարար շահերին և ինչպես են մտադիր ապահովել իրենց ժողովուրդների համար կայուն և հուսալի խաղաղություն։ Միևնույն ժամանակ, իհարկե, խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա», – ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:
Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»։
«2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովից հետո առաջնորդների եռակողմ հայտարարությունն ընդգծում է խաղաղության պայմանագրի կնքմանն ակտիվ նախապատրաստվելու կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար», – հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինը վստահ է, որ «այս համատեղ աշխատանքը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համաձայնեցված եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացման համատեքստում»։
«Դրանք կազմում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքը և ձևավորում են ճանապարհային քարտեզ Բաքվի և Երևանի հաշտեցման համար: Այն ներառում է քայլեր՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների զարգացման համար»,- ասել է նա:
Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային՝ նա նշել է, որ Ռուսաստանն օգնում է «կողմերին ընդհանուր լեզու գտնել, համաձայնության գալ և իրենց հարմար փոխզիջումների գնալ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում