Հայաստանում դպրոցաշինության համար կառավարությունը կհատկացնի 396 մլն․ դրամ
Նմանատիպ
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 396 մլն 600 հազար դրամ գումարի չափով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Գումարը կուղղվի ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում 42 հաստատության՝ 20 կրթահամալիրի ստեղծման և 22 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը ու փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը։
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այս որոշումը ևս մեկ քայլ է՝ Կառավարության կարևորագույն թիրախներից մեկի՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի իրականացման ուղղությամբ։
«Այս որոշմամբ հաստատում ենք ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կառուցվելիք կրթահամալիրների կամ դպրոցների ցանկը՝ կախված դրանց չափսերից և նախատեսվող հզորություններից: Վերաբաշխումն իրականացվում է կապիտալ ծախսերի համար հատկացված միջոցներից»,- նշել է նախարարը և պարզաբանել, որ նախապես պլանավորված աշխատանքների ծավալները փոփոխվել են։ Որպես օրինակ՝ նա նշել է Ալագյազ բնակավայրի միջնակարգ դպրոցը, որտեղ նախատված էին որոշակի կառուցման աշխատանքներ, սակայն ընթացքում որոշվել է կառուցել ավելի մեծ ծավալի և շրջակա բնակավայրերը սպասարկող համալիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում