Լարսին այլընտրանքային ճանապարհով բեռնափոխադրումների ծախսերը կփոխհատուցվեն
Նմանատիպ
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 25-ի նիստում ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով և/կամ նավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։
Հիմնավորման համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի և/կամ նավի օգտագործումը առավել թանկ է բեռնափոխադրողների համար, և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ուստի բեռնափոխադրումների նշված այլընտրանքային միջոցի օգտագործման հետևանքով առաջացող ծախսերի փոխհատուցումը կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը։ Լաստանավային հաղորդակցությունն սկսելու նպատակով համապատասխան կառավարության որոշումներն ընդունվել են 2022 թվականին։
Այնուամենայնիվ, դրանց ընդունումից ի վեր տեղի են ունեցել մի շարք էական հանգամանքների փոփոխություններ, որոնցով պայմանավորված՝ դեռևս հնարավոր չի դարձել միջոցառման գործարկումը։ Որոշմամբ առաջարկվում է ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցման նպատակով բեռնափոխադրումների՝ ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային` լաստանավով և/կամ նավով տեղափոխման ծախսերի փոխհատուցում։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լաստանավով և/կամ նավով բեռնափոխադրման դեպքում Լարսով փոխադրելու համեմատ ծախսերն ավելանում են լաստանավի փոխադրման վրա կատարված ծախսի չափով։ Նախատեսվել է, որ օպերատորի կողմից լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ շահառուներին բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով օպերատորին տրամադրվող գումարի չափը կազմում է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի մեկ չվերթի համար 120,000,000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում