Սարդարապատ. մահ կամ հաղթանակ

Սարդարապատ. մահ կամ հաղթանակ

Երբ չի լինում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար,

Այսպես ծագեց, արեգակեց

Սարդարապատի մարտը մեծ…

Սարդարապատից Երևան հաշված կիլոմետրեր են, մոտ 40 րոպեի ճանապարհ: Որ պատկերացնեք, մեծ հաշվով, Երևանին կպած համայնքում է տեղի ունեցել պատերազմը:

Սարդարապատի հերոսամարտի նախաբանն ու ամբողջ պատմությունը Երևանի շուրջ է: Որքան էլ հիմա դեպքերին նայենք ժամանակների հեռվից, միևնույնն է, տարածությունը ժամնակով չի կրճատվում: Այն, ինչին անդրադարձել ենք այս անգամ, պատմություն է հաղթանակի, հայի բացառիկ կամքի ու քաջության, մեր քթի տակ տեղի ունեցած պատմության մասին:

1918-ն էր, թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժեց Արարատյան դաշտ և գրավեց Սարդարապատից քիչ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր երկաթգիծը: Որպեսզի պատկերացնեք՝ ինչ էր իրենից ներկայացնում այս դիվիզիան, ասեմ, որ այն թուրքական բանակի կորիզն էր՝ փառավորված Գալիոպոլիի ճակատամարտում, որը, սակայն, փախուստի դիմեց Սարդարապատում: Խուճապ էր ու նույնիսկ առաջարկ կար նահանջել դեպի Սևան: Երևանյան զորախմբի հրամանատարը՝ գեներալ Մովսես Սիլիկյանն այցելում է Էջմիածին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին առաջարկում է տեղափոխվել Սևանի ավազանի որևէ համայնք։ Կաթողիկոսը մերժում է.

«Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»:

Կաթողիկոսը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր Աթոռը։ Մայր տաճարի զանգերն այդ օրերին անդադար ղողանջել են: Ի դեպ, Սարդարապատի հուշահամալիրի զանգերը ևս այդ խորհուրդն ունեն:

…Զանգեր, ղողանջեք,

Սրբազան քաջերին կանչեք

Այս արդար մարտին:

Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք

Սարդարապատից…

Ի դեպ, Գևորգ Ե կաթողիկոսի հրամանով միայն հոգևորականներից բաղկացած 300 հոգանոց ջոկատ է կազմավորվում: Այնպես որ արժանապատիվ խաղաղություն վաստակելու գործին լծված էին բոլորը, ոչ մի պայմանականություն, պրոտոկոլ ու համազգեստ հայրենիքից առավել կարևոր չէր:

Այդ օրերին Հայաստանը թուրքական աքցանի մեջ էր՝ յաթաղանը ներկայիս Երևանի վրա կախված: Մարտեր էին գրեթե ամենուր՝ նեկայիս Արագածոտնում, Արմավիրում, Լոռիում, Գեղարքունիքում: Վիճակն իսկապես օրհասական էր…

«Հայեր, շտապեցեք հայրենիքն ազատելու: Ժամանակ չէ դանդաղելու։ Մինչև հիսուն տարեկան ունեցող բոլոր տղամարդիկ պարտավոր են զենքի տակ գալու. ես պահանջում եմ ամենքից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով հայրենիքի պաշտպանության համար․․․․»:

Սա Սիլիկյանի կոչն էր հայությանը: Այդ օրերին կամավոր զինվորագրվեցին ու հայրենիքի պաշտպանությանը լծվեցին երիտասարդ տղաներ, նույնիսկ կանայք ու ծերեր:

Սարդարապատի ճակատամարտին մասնակցել է մոտ 8500 հայ և մոտ 500 եզդի։ Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգահեռ ընթացող Բաշ-Ապարանի մարտերին ընդհանուր հաշվարկով մասնակցել է մոտ 5500 հայ զինվոր, որոնց հետ թուրքերի դեմ կռվում էր մոտ 500 եզդի՝ Ջհանգիր աղայի հրամանատարությամբ։ Եզդի ժողովրդի դերն այս ճակատամարտերում անգնահատելի է:

Սարդարապատի ճակատամարտն ինը օր տևեց: Այն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով։ Որքան էլ այն անվանեն «20-րդ դարի Ավարայր», միևնույնն է, այս հաղթանակն անարդարության, ուժերի անհավասարության մասին չէ, այլ հաղթանակ է ուղիղ իմաստով՝ հողի վրա, գլխի մեջ, մեր ձեռքով, մեր ոգով ու միասնությամբ կերտված և առանց լիրիկական զեղումների:

Մեծ ջանքերի գնով ձեռք բերված այս հաղթանակը հիմքը դարձավ, որ ստեղծվի Հայաստանի հանրապետությունը: Սա փառահեղ հաղթանակ է, իսկ այդպիսիք մեր պատմության մեջ քիչ չեն:

Միասնականության, կամքի, հավատի ու նոր հաղթանակների երազանքով՝ վերջաբանը Մովսես Սիլիկյանի կոչն է, որը թեև հնչել է  Սարդարապատի հերոսամարտից առաջ, բայց առավել քան արդիական է այսօր:

«Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ՝ մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի՝ հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պետք է գործի դնի իր վերջին ճիգը թշնամուն հարվածելու համար: Մենք չէինք ուզում կռվել. հանուն խաղաղության ու հաշտության պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն, մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրած ուղով. նա ստրկացնել է ուզում մեզ, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը: Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ: Գուցե հաջողվի մեծ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում