Էդ.Նալբանդյանն ընդունել է Էկվադորի նորանշանակ դեսպանին
Նմանատիպ
Հունիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Շնորհավորելով հյուրին Հայաստանում Էկվադորի առաջին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ մեծ ներդրում կունենա երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում:
Դեսպան Սավալայը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշեց, որ Հայաստանում իր երկրի առաջին դեսպան լինելը պատվաբեր է եւ միաժամանակ պարտավորեցնող: Նա հավաստիացրեց, որ ջանքեր կգործադրի երկկողմ փոխգործակցությունն զարգացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը, առեւտրատնտեսական, մշակութային հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում