Կայացել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» ամենամյա մրցույթի ամփոփումը (լուսանկարներ)
Նմանատիպ
Հուլիսի 27-ին Ծաղկաձորի մարզահամալիրի մարզադաշտում ամենամասսայական միջոցառման՝ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2014» ամենամյա 11-րդ մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին և հաղթողների պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, ՀՀ մարզպետները և պաշտոնատար այլ անձինք:
Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է «Մարզական ընտանիք» մրցույթի ինչպես հաղթողներին, այնպես էլ բոլոր մասնակիցներին, նշելով, որ այսպիսի մրցույթներում պարտվողներ չեն լինում՝ հաղթում են բոլորը:
Հանրապետության նախագահը մրցույթի հաղթողներին է հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, ինչպես նաև գավաթներ՝ առավելագույն միավորներ հավաքած չորս տարիքային խմբերում միասին վերցրած և մրցույթի ընդհանուր հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված Երևանի. Շիրակի և Կոտայքի թիմերին:
Հաղթողի գավաթը հանձնվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, երկրորդ տեղը գրաված թիմի գավաթը’ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, իսկ երրորդ տեղը զբաղեցրած թիմինը՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից պարգևատրվել են նաև մարզահագուստով և նվերներով:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն, ավանդույթի համաձայն, դրամական պարգևներ է շնորհել տարիքային չորս խմբերի և հաշմանդամ ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցներին:
Նախարար Գաբրիել Ղազարյանը, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի պատասխանատու, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի ողջույնից և զեկույցից հետո, պարգևատրել է ըստ տարիքային խմբերի առանձին մարզաձևերում հաղթող ընտանիքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում