Վարդան Օսկանյանը «գողականա էթում»

Facebook սոցիալական ցանցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր մի նոր գրառում է կատարել, համաձայն որի նա այլևս հրաժարվում է «փողերի լվացման» գործով ցուցմունք տալուց: «Այսօր կրկին հրավիրվել էի Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու: ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չտալ», – գրել է ՀՀ նախկին արտգործնախարարը:

Հատկանշական է, որ ԱԱԾ մամլո ծառայության կողմից երեկ տարածված հաղորդագրության մեջ ոչ մի բառ չկար քրեական գործում Վարդան Օսկանյանի կարգավիճակի մասին: Ավելին’ դատելով Օսկանյանի տարածած հաղորդագրություններից’ նա մեկ անգամ արդեն հարցաքննվել է և, պետք է, որ իմանար, թե ինչ կարգավիճակով են նրանից ցուցմունքներ վերցնում: Այլ հարց է, որ գործի հանգամանքների բացահայտումից հետո վկան կարող է հայտնվել կասկածյալի, այնուհետև նաև մեղադրյալի կարգավիճակում: Բայց նման հարցերի շուրջ ենթադրություններ անելն անշնորհակալ գործ է: Առավել ևս երբ խոսքը վերաբերվում է քաղաքական այդքան մեծ ամբիցիաներ ունեցող գործչին:

Այսօր սակայն, Օսկանյանը նախընտրում է հրաժարվել հանցավոր փաստը հետաքննող մարմնի հետ համագործակցելուց: Շատ տարօրինակ որոշում է, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հասարակությանն իսկապես հետաքրքրում են գործի մանրամասները: Մարդիկ ուզում են իմանալ, թե որքանով է Օսկանյանը կապված փողերի հանցավոր յուրացման գործի հետ: Թվում է, թե Օսկանյանն ինքը պետք է շահագրգրված լիներ գործի արագ քննության, հնարավոր բացթողումների, հանցանքի բացահայտման, մեղավորներին պատժելու և իր անունն այս խայտառակ պատմությունից տարանջատելու գործում: Փոխարենը Օսկանյանը փորձում է «գողական գնալ» և հրաժարվել ցուցմունքներ տալուց:

Times.am-ի աղբյուրները պնդում են, որ Օսկանյանի նման վարքը դրդապատճառներ ունի: Նա չի ուզում լինել առաջին ցուցմունք տվողը, վախենալով, որ հետագայում իր գործընկերները կարող են մեղադրել իրեն ավելնորդ «բերանբացության» մեջ: Բայց այս պարագայում էլ Օսկանյանը պետք է հասկանա, որ կշեռքի մի նժարին դրված է հանրային վստահությունը, իսկ մյուսին’ գործընկերների քինախնդրությունը: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Վարդան Օսկանյանն այն մարդը չէ, ով կարող է հավակնել ավելիին, քան այսօր նա կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում