Այս օրը պատմության մեջ․ Կոստանդնուպոլսի գրավումը
Նմանատիպ
570 տարի առաջ այս օրը ավարտվեց Հռոմեական Կայսրության 2000 ամյա պատմության վերջին էջը․ 1453թ-ի մայիսի 29-ին Օսմանյան սուլթան Մեհմեդ 2-րդը գրավեց Կոստանդնուպոլիսը՝ Բյուզանդական, նույն ինքը՝ Արևելյան Հռոմեական Կայսրության մայրաքաղաքը։
Այս իրադարձությունը ժամանակակից աշխարհի վրա ունեցել է ահռելի հետևանքներ, որոնք տեսանելի են թե՛ կրոնամշակութային, և թե՛ տնտեսական-քաղաքական դիտանկյուններից։
Գրավելով Կոստանդնուպոլիսը՝ թուրք Օսմանները սկսեցին միանձնյա վերահսկել Հեռավոր արևելքի և Եվրոպայի միջև առևտրական ուղիները, ինչը հանգեցրեց այլընտրանքային ուղիների որոնմանն ու որպես հետևանք՝ եղան աշխարհագրական մեծ հայտնագործությունները։
Բյուզանդիայի վերջին կայսրը Կոստանդին 11-րդն էր: Պատմական աղբյուրները վկայում են, որ նա լավ ու զորեղ առաջնորդ է եղել: Տևական ժամանակ նրան են ենթարկվել խաչակիրների իշխանությունները: Նա երազկոտ, բայց մեծ ներուժով նվաճող էր, որը, թեև հերոսությամբ, բայց պարտվեց օսմանների 20-ամյա առաջնորդին՝ Մեհմեդ 2-րդին: Կոստանդին Պալեոլոգոսը զոհվել է իր մայրաքաղաքում՝ թուրք զավթիչների դեմ մարտերում:
Հաղթանակած Օսմանյան կայսրության երիտասարդ սուլթան Մեհմեդ 2-րդը Կոստանդնուպոլսի գրավմամբ ձեռք բերեց Նվաճող տիտղոսը: Նա իր կայսրության մայրաքաղաքը Ադրիանապոլսից տեղափոխեց Կոստանդնուպոլիս:
Քրիստոնեական քաղաքակրթության համաշխարհային էպիկենտրոններից մեկը՝ Կոստանդնուպոլիսը վերածվեց մուսուլմանական ստամբուլի։ Հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի։ Ջնջվեց ու անհետացավ քաղաքի բյուզանդական հետքն ու մշակութային ժառանգությունը։
Այսօր Ստամբուլ դարձած Կոստանդնուպոլիսն ունի մոտ 11 միլիոն բնակչություն և շարունակում է լինել քաղաքակրթությունների ու մշակույթների խառնարան, որի ամեն մի անկյունը հիշեցնում է հազարամյակներով չափվող վեհության ու պանծալի պատմության մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում