Գործարկվել է միգրացիայի և քաղաքացիության ոլորտի առցանց ծառայությունների նոր հարթակ
Նմանատիպ
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է migration.e-gov.am հարթակը: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս առցանց տարբերակով ստանալու մի շարք տեղեկանքներ, մասնավորապես՝
– հաշվառման հասցեի վերաբերյալ,
– հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ ինչպես քաղաքացու, այնպես էլ նրա անչափահաս զավակների համար,
– անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ:
Նշված տեղեկանքները Հարթակի միջոցով ստանալու համար անհրաժեշտ է անցնել խիստ նույնականացում (eID-ի կամ mID)՝ կիրառելով նույնականացման քարտը կարդացող սարք (եթե քարտը էլեկտրոնային կրիչով է) կամ բջջային օպերատորի կողմից ակտիվացված ծառայության միջոցով (եթե քարտն առանց էլեկտրոնային կրիչի է):
Հարթակը հնարավորություն է տալիս նաև այցելության ժամեր ամրագրել ՄՔԾ վարչական գրասենյակում: Առցանց հերթագրման համակարգը գործում է հետևյալ ծառայությունների համար.
– ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումի ներկայացում, խորհրդատվություն,
– օտարերկրացիներին մատուցվող ծառայություններ՝ կացության կարգավիճակի համար դիմում, հրավերի ձևակերպում կամ ՀՀ մուտքի վիզայի երկարաձգում,
– անձնագրային ծառայությունների ստացում գրասենյակի վարչական շենքում:
Հարթակը սեզոնային ծանրաբեռնվածության պայմաններում կնպաստի անձնագրային ծառայություններում հերթերի կրճատմանը, քանի որ քաղաքացիները այդպիսով հնարավորություն են ստանում առցանց տարբերակով հաշվված րոպեների ընթացքում ստանալու QR կոդով վավերացված տեղեկանքներ:
Առաջիկայում կայքում թվայնացված ծառայությունները կընդլայնվեն։ Կայքն ունի նաև տեղեկատվական բնույթ ունի. նկարագրված են միգրացիայի և քաղաքացիության ոլորտի ծառայությունները, դրանցից օգտվելու կարգը, պահանջվող փաստաթղթերը, ծառայության մատուցման ժամկետները և այլ մանրամասներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում