Կմասնակցի՞ արդյոք Հենրիխ Մխիթարյանը ՉԼ-ի եզրափակիչին․ Gazzetta dello Sport
Նմանատիպ
Իտալիայի նորընծա գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի խաղին, հայտնում է Gazzetta dello Sport-ը` հղում կատարելով FCInterNews-ին:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի վերականգնման գործընթացը հաջող է ընթանում: Բերգամոյի «Ատալանտայի» դեմ Ա Սերիայի 37-րդ տուրի խաղից (3-2) հետո միլանյան գրանդի ֆուտբոլիստները երկու հանգստյան օր են ստացել, սակայն 34-ամյա կիսապաշտպանը մեկնել է ակումբի մարզաբազա ու շարունակել վերականգնման գործընթացը՝ աշխատելով անհատական ծրագրով: Նա ձգտում է լավ մարզավիճակում ներկայանալ անգլիական գրանդի դեմ խաղին:
Հիշեցնենք, որ իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման 44-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել էր։ Նրա մոտ ախտորոշվել էր ձախ ազդրի մկանային լարվածություն:
«Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում: Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում