Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվային
Նմանատիպ
Մոսկվայում անօդաչու թռչող սարքերի հարվածից երկու բնակելի շենք է վնասվել։
Ինչպես ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, շենքերից մեկը գտնվում է Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը՝ Ատլասովի փողոցում։ Անօդաչուների հարվածների հետևանքով տուժածներ չկան։
«Անօդաչուները հարվածել են Պրոֆսոյուզնայա փողոցի 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին։ Քանդվել են տան ճակատն ու պատուհանները։ Տուժածներ չկան»,– ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ նմանատիպ միջադեպ է գրանցվել նաև Ատլասովի փողոցում գտնվող 24-հարկանի բնակելի շենքում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր տելեգրամյան ալիքում հաստատել է նորությունը՝ ընդգծելով, որ հարձակման հետևանքով լուրջ տուժածներ չկան, իսկ արտակարգ իրավիճակների ծառայությունները գտնվում են դեպքի վայրում և փորձում են պարզել միջադեպի պատճառները։ Նա նաև կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու չտարածել չհաստատված տեղեկություններ։
Սոբյանինի խոսքով՝ շենքերն աննշան վնասներ են կրել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքի ընթացքում բնակիչները տարհանվել են, սակայն ավելի ուշ վերադարձել են իրենց բնակարաններ։
Իր հերթին Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվային մոտեցող մի քանի անօդաչու թռչող սարք են խոցել։ Նա շրջանի բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել, քանի որ պայթյունի նմանվող ձայները ՀՕՊ համակարգերի աշխատանքի արդյունքում են եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում