Բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր (տեսանյութ)
Նմանատիպ
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում է անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի ներմուծման և արտահանման դեպքերի բացահայտման ուղղությամբ։
Վերջին շաբաթվա ընթացքում բացահայտվել են նաև ծխախոտային արտադրանքի հետ կապված մի շարք իրավախախտումներ։
Այսպես, Հայաստանից Իրան մեկնող ավտոբուսի հատակի մեջ, նախապես պատրաստված թաքստոցից, մաքսավորները հայտնաբերել են 1000 տուփ «HEETS» ապրանքանիշի տաքացվող ծխախոտի գլանակ։
Երեք դեպքերով էլ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների խցիկներից ու տրանսպորտային միջոցներից մեկի առաստաղի թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 1310 տուփ «Marlboro» և «Wisdom» ապրանքանիշի ծխախոտ:
Իրանից ժամանած ՀՀ 3 քաղաքացու մոտ էլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, ինչպես նաև չհայտարարագրված ընդհանուր 160 տուփ ծխախոտ։ Հիշյալ ծխախոտի մի մասն ամրացված է եղել քաղաքացու մարմնի վրա և հայտնաբերվել է անձնական զննման արդյունքում։
Հարուցվել են վարչական վարույթներ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով։
Մեկ այլ դեպքով էլ Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած Իրանի քաղաքացու մոտ գտնվող ծխախոտի տուփերում Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված «մեթադոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 316 դեղահաբ։ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։
Հետևեք մեզ նաև Telegram-ում