16 տարեկանները անձնագիր ստանալու համար պետք է վճարեն
Նմանատիպ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել ՀՀ վերադարձած քաղաքացիներին վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը։
Գործող օրենքը նախատեսում է 30 000 դրամ այն դեպքում, երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ և 10 000 դրամ, եթե ներկայացնում է օգտագործման համար անպիտան կամ ժամկետանց փաստաթուղթ։
Կառավարության հիմնավորմամբ` տուրքի այս չափերը չեն ծածկում պետության ծախսը։ Հետևաբար, առաջարկվող նոր դրույքաչափերը մի քանի անգամ գերազանցում են գործող գները։
Այսպես. Հայաստան վերադարձի վկայական տալու համար առաջարկվում է սահմանել 20 000 դրամ տուրք, անձնագրի վերականգնման, տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար կամ վերադարձի վկայական տարամադրելու դեպքում` 45 000 դրամ, իսկ տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու համար` 90 000 դրամ։
Բացի այդ, կառավարությունն առաջարկում է հանել 16 տարին լրացած քաղաքացիների համար սահմանված ֆինանսական արտոնությունը։
Բանն այն է, որ գործող օրենքով` 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող ՀՀ քաղաքացիներն ազատվում են 1000 դրամ պետական տուրքի վճարումից։ Առաջարկվող նոր իրավակարգավորմամբ նախատեսվում է 1000 դրամի վճարումը դարձնել պարտադիր։
«Ներկայում ՀՀ անձնագիր (հին նմուշի կամ կենսաչափական) ստանալու կարիք ունի միայն այն քաղաքացին, որը պատրաստվում է մեկնել օտարերկրյա պետություն (հատել ՀՀ սահմանը)։ Եթե փորձենք պատկերացնել, թե ինչքան ծախս պետք է կատարի քաղաքացին թեկուզ ամենամոտ օտարերկրյա պետություն մեկնելիս, ապա ակնհայտ է դառնում, որ անձնագիր ստանալու համար սահմանված 1000 ՀՀ դրամ պետական տուրքի արտոնությունը, այն էլ միայն 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ ստացողների համար, այլևս իրավական, վարչական, սոցիալական կամ որևէ այլ ռացիոնալ բաղադրիչ կամ հիմնավորվածություն չունի»,-ասված է հիմնավորման մեջ:
Կառավարության հաշվարկով` օրենքի նախագծի ընդունմամբ միայն անձնագրային վերոհիշյալ գործարքներից գանձվող պետական տուրքի տարեկան գումարը կավելանա շուրջ 75 մլն դրամով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում