Հունիսի 1․ Երեխաներն իրական աշխարհում
Նմանատիպ
ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհի բնակչության մեջ երեխաների թիվը կազմում է մոտ 2․2 միլիարդ։ Նրանցից 2 միլիարդն ապրում է զարգացող և աղքատ երկրներում, ինչի պատճառով ստանում է պակաս հնարավորություններ երջանիկ ու ապահովված մանկություն ունենալու և համապատասխանաբար ավելի հաջողակ հասունության շրջան թևակոխելու համար։
Երեխաները ոչ միայն մեր ապագան են ու բոլորի սիրո օբյեկտը, այլև մարդկային հասարակության ամենախոցելի հատվածն են, որոնք ամենաշատն են ենթարկվում զրկանքների, բռնության, շահագործման։ Նրանք ամենաշատն են տուժում մեծահասակների գործունեության հետևանքով, շրջակա միջավայրի հիմնախնդիրների ամենածանր հետևանքները կրում են հենց երեխաները։
ՄԱԿ-ի և «Փրկեք երեխաներին» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի ավելի քան 500 միլիոն երեխա (յուրաքանչյուր 5-րդ երեխան) ենթարկվում է պարբերական ֆիզիկական և հոգեբանական բռնության։
Ավելի քան 200 միլիոն երեխա բնակվում է ռազմական հակամարտությունների գոտում․ նրանցից շատերը զինված ընդհարումների զոհ են դառնում, հայտնվում են առաջնագծում, շահագործվում են, առևանգվում, վաճառվում, բռնության ենթարկվում, ստանում են անբուժելի ֆիզիկական ու հոգեբանական վնասվածքներ։
2022թ-ի դեկտեմբերից սկսած Արցախում 30 հազար երեխա ապրում է փաստացի շրջափակման մեջ՝ զրկված պարենի և լիարժեք կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միջոցների հասանելիությունից։
Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ միջին հաշվով օրական աշխարհում բռնության և զինված կոնֆլիկտների հետևանքով մահանում է 22 երեխա։
350 մլն․ երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ․ նրանցից 45 միլիոնը տառապում է սովից և թերսնումից․ 3 միլիոն երեխա ամբողջ աշխարհում ամեն տարի մահանում է սովի հետևանքով։ 117 միլիոն երեխա զրկված է տարրական կրություն ստանալու հնարավորությունից։
Հունիսի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես երեխաների պաշտպանության օր։ Times.am-ի խմբագրությունը շնորհավորում է աշխարհի բոլոր մանուկների տոնը և մաղթում նրանց երջանիկ ու խաղաղ կյանք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում