Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոն է նվիրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոն է նվիրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի աշխատակիցներն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Տրետուք և Կուտական գյուղեր՝ տոն պարգևելու տեղի երեխաներին:

Միջոցառումը նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Վարդենիսի համայնքապետարանի և Հայաստանի վարսահարդարների և կոսմետոլոգների միության նախագահ Մարինա Առաքելյանի աջակցությամբ:

Առաջին կանգառը Տրետուք գյուղի միջնակարգ դպրոցն էր, որտեղ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աշխատակիցներին ջերմորեն դիմավորեցին աշակերտներն ու ուսուցիչները։ Երեխաների համար կենտրոնը պատրաստել էր նվերներ՝ դպրոցական պարագաներ և հագուստ:

Տրետուքի դպրոցում սովորում է 23 աշակերտ: Տնօրեն Տարիել Մանուկյանի խոսքով, աշակերտները մեծ եռանդով ու սովորելու ձգտումով են հաճախում դպրոց: «Այսօրվա միջոցառումը ոգևորեց երեխաներին՝ նրանց պարգևելով վառ ու անմոռանալի հույզեր: Նման նախաձեռնություններն իրենց նշանակալի նպաստն են բերում մեր գյուղի հզորացման գործում», – նշեց դպրոցի տնօրենը:

Անուշադրության չեն մատնվել նաև սահմանամերձ գյուղի ամենափոքր բնակիչները։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աշխատակիցները Տրետուք գյուղի մանկապարտեզի սաներին նվիրել են հագուստ, տարբեր պարագաներ և զարգացնող խաղեր: Ի պատասխան՝ երեխաները հյուրերին ուրախացրին երգերով ու ոտանավորներով։

«Շնորհակալ ենք, որ անցաք այս դժվարին ճանապարհը և այցելեցիք մեր երեխաներին ՝ նրանց պարգևելով իսկական տոն»,- իր ողջույնի խոսքում նշեց մանկապարտեզի տնօրեն Սիլվա Աբրահամյանը:

Կուտական գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 21 աշակերտ։ Կենտրոնը նրանց նվիրեց պարագաներ, հագուստ, դպրոցական կահույք և համակարգիչներ ինֆորմատիկայի դասարանի համար:

 «Նման նախաձեռնություններն ու այցելությունները շատ կարևոր են մեր բնակիչների համար։ Այսօր էլ դա նկատելի է մեր երեխաների ժպիտներից և տրամադրությունից», – նշեց Կուտական գյուղի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը՝ հույս հայտնելով, որ հետագայում ևս կգործակցեն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ։

«Սա կարևոր նվեր է մեր դպրոցի համար, քանի որ երեխաները հնարավորություն կունենան ուսումնասիրել առարկան ժամանակակից տեխնիկայով։ Վստահ եմ, որ մեր աշակերտները ավելի մեծ հետաքրքրությամբ են հաճախելու դասերին», – նշեց դպրոցի տնօրեն Նախշուն Շահյանը։

«Հուսով եմ, որ այս հանդիպումը կխթանի, որ երեխաները սովորեն ավելի մեծ եռանդով և ոգևորությամբ: Կրթված սերունդը հասարակության զարգացման և բարգավաճման երաշխավորն է: Երևանում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնում մարզերի հետ աշխատանքին՝ փորձելով իր լուման ներդնել ինչպես կրթության մակարդակի բարելավման, այնպես էլ բնակիչների մշակութային ժամանցի կազմակերպման գործում»,- ընդգծեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում