Հունիսի 2-ի գիշերն անհանգիստ է անցել Կիևում և Կուրսկում

Հունիսի 2-ի գիշերն անհանգիստ է անցել Կիևում և Կուրսկում

Ուկրաինան և Ռուսաստանը հայտարարել են հունիսի 2-ի գիշերը օդային հարձակումների մասին։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին Տելեգրամի իր ալիքում գրել է, որ հունիսի 2-ի գիշերը ռուսական ուժերը գրոհել են Կիևի վրա՝ «Շահեդ-136/131» տիպի կամիկաձե անօդաչու սարքերով, որոնք արձակվել են հարավային ուղղությամբ։ Քաղաքը նաև հրթիռակոծվել է Տու-95 ՄՍ-ի կողմից արձակված X-101/X-555 թևավոր հրթիռներով։

Ռմբակոծիչները, ըստ նրա, Կիևի վրա հարձակվելիս մանևրել են՝ փորձելով մոլորեցնել հակաօդային պաշտպանության ուժերին։

«Բոլոր 15 թևավոր հրթիռները և 21 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ուժերի և միջոցների կողմից՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հետ համագործակցությամբ»,- գրել է Զալուժնին։

Կուրսկի շրջանի ղեկավար Ռոման Ստարովոյտը, իր հերթին, հայտնել է, որ հունիսի 2-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը Կուրսկի մոտ «մի քանի ուկրաինական անօդաչու թռչող սարքեր» են խոցել։ «Մենք խնդրում ենք Կուրսկի բնակիչներին հանգստություն պահպանել, քաղաքը գտնվում է մեր զինվորականների հուսալի պաշտպանության ներքո»,- գրել է Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում