Հայաստանի և Ադրբեջանի տարածքների մակերեսները խաղաղության հնարավոր պայմանագրում չեն ներառվելու․ Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի տարածքների մակերեսները խաղաղության հնարավոր պայմանագրում չեն ներառվելու․ Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում չեն հիշատակվելու մակերեսները․ Հայաստանի 29.800 քկմ տարածքի և Ադրբեջանի 86.600 քկմ տարածքի ճանաչման վերաբերյալ հայտարարությունները քաղաքական են՝ հաստատելու, որ երկրները տարածքային պահանջներ չունեն միմյանցից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություն հաստատելիս՝ որևէ այլ երկրի դեպքում մակերեսով ճանաչե՞լ է այդ երկրի տարածքային ամբողջականությունը:

Միրզոյանը նշեց՝ ենթադրում է, որ որևէ երկրի փոխադարձ ճանաչման, հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում:

«Մակերեսներով տարածքային ամբողջականությունները նշելը քաղաքական հայտարարություններ են: Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, և Ադրբեջանն էլ տարածքային պահանջ չունի Հայաստանից։ Ես չեմ կարծում, թե Դուք մտածում եք, որ մենք այդպիսի մակերեսի հիշատակմամբ սա պետք է ներառենք կամ տեսնում ենք ներառված ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում: Տարբերությունն ակնառու է»,-ասաց Միրզոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում