Դիեգո Վելասկես` Էության նկարիչը
Նմանատիպ
Ռոդրիգես դե Սիլվա Վելասկես. նա մի տղա էր, որը պարզապես սիրում էր նկարել և նկարչության դասերի էր հաճախում: Ամենասովորական պատկերներ վրձնող ու ոչնչով աչքի չընկնող տղան ապագայում պետք է դառնար Իսպանիայի Ոսկե դարի ամենահեղինակավոր նկարիչն ու պատմանկարչության հիմքը դներ Եվրոպայում:
Նախաճաշի սեղանից մինչև հնձվոր, արածող կովից մինչև միրգ կտրտատող կին. այս և այլ կենցաղային կտավներ նկարող, բայց համաշխարհային արվեստի պատմության մեջ մտնել վիճակված նկարչի ուսուցիչներից մեկը Ֆրանսիսկո Պաչեկոն էր: Մեծ հաշվով, նա ևս սովորական մարդ չէր. նա մի քանի աշխարահահռչակ նկարիչների ուսուցիչն է եղել:
Կենցաղային, ապա հոգևոր թեմաներով ստեղծագործող նկարիչը ֆանտաստիկ շնորհ ուներ արտաքինով տեսնել ներքինը: Նրա կտավներում մարդիկ չէին, այլ էություն, բնավորություն, հոգի: Հենց այս ձիրքով էլ նա ուշադրություն էր գրավում:
Շուտով նրան հրավիրում են Մադրիդ՝ թագավորական արքունիքում Ֆիլիպ 4-րդ թագավորին ներկայացնելու: Իսպանիայի թագավորը նկարչին պատվիրում է իր դիմանկարը։
«Ոչ ոք ինձ այլևս չի նկարի՝ բացի քեզանից». Ֆիլիպ 4-րդ
Այսպիսով, Վելասկեսը նշանակվում է պալատական նկարիչ։
Արքունիքում Վելասկեսն առավել մանրամասն է ուսումնասիրում մարդկանց, առնչվում հասարակության բոլոր շերտերին: Նա սկսում է ճանապարհորդել, աշխարհ տեսնել:
1634-ին նկարում է «Բրեդայի հանձնումը» և Եվրոպայում հիմնում պատմանկարչությունը: Իսկ տասը տարի անց նա ուղեկցում է թագավորին Արագոնի արշավանքի ժամանակ:
Վելասկեսի գործերից պահվում են Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ), Պրադոյում (Մադրիդ), Դրեզդենի, Լոնդոնի ազգային պատկերասրահներում և այլ թանգարաններում։ Վելասկեսի անունով կոչվել է խառնարան Մերկուրի մոլորակի վրա։
Ռոդրիգես դե Սիլվա Վելասկեսը պատմության մեջ մտնում է որպես Դիեգո Վելասկես: Նա սևագրեր ու անավարտ գործեր չուներ: Բնորդից ստացած տպավորությունները նա միանգամից փոխադրում էր կտավի վրա ու արագ ավարտում գործը, որովհետև պահն էլ չի կրկնվում:
Նրա՝ մարդկանց բնավորությունն ու էությունը նկարելու բացառիկ շնորհը ներկայացնելու համար ուշագրավ դրվագ է կտավներից մեկի ցուցադրումը կտավում պատկերված անձին չճանաչող մարդկանց: Մի այդպիսի առիթով մի գեղջկուհի Վելասկեսին ասել է, որ կտավում պատկերված ասպետը կնամոլ, անպատասխանատու մարդու տպավորություն է թողնում, որն իրենից մեծ բան չի ներկայացնում, բայց հաստատ ազդեցիկ է: Կտավում պատկերված էր Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 4-րդը, որը գահ էր բարձրացել 16 տարեկանում, հարուստ ու շքեղ կյանքի սիրահար էր, ուներ երկու կին, որոնցից մեկը նույնիսկ իր ազգականն էր:
Իր երկու ամուսնություններից նա ունեցել է 13 զավակ՝ չհաշված չծնված, մահացած ծնված և շատ վաղ մահացած երեխաներին և ևս 29 զավակ արտամուսնական կապերից:
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում