Արամ Խաչատրյան՝ աշխարհի հայազգի մուսան

Արամ Խաչատրյան՝ աշխարհի հայազգի մուսան

Համաշխարհային դասականը՝ Արամ Խաչատրյանը հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակն է: Նրա ստեղծագործությունները հանրահռչակված են ամբողջ աշխարհում:

Արամ Խաչատրյանը ծնունդով Թիֆլիսից էր, որը մեծանուն կոմպոզիտորը համարում էր հնչուն, երաժշտական քաղաք:

«Ես մեծացել եմ մի շրջապատում, որը լի է եղել ժողովրդական երաժշտությամբ. հանրահայտ ծեսերը, տոները, տոնակատարությունները և տխուր իրադարձությունները մարդկանց կյանքում ուղեկցվել են երաժշտությամբ, հայկական, վրացական վառ մեղեդիներով և պարերով, որոնք կատարում էին աշուղներն ու երաժիշտները, որոնք եղել են այն տպավորությունները, որ խորը հետք են թողել իմ հիշողության մեջ, որոնք ուղղորդել են երաժշտական մտածողությունս»

Իր առաջին ավարտուն սիմֆոնիան Արամ Խաչատրյանը գրել է 32 տարեկանում: Այս աշխատանքով նա գրավում է հեղինակավոր դիրիժորների ու նվագախմբերի ուշադրությունն, ապա ստեղծում «Դաշնամուրի կոնցերտը»: Այս ստեղծագործությամբ սկսվում է խաչատրյանական փառքի ուղին:

Այսպիսով, սկսվում է Խաչատրյանի ստեղծագործական բուռն շրջանը: Նա ճամփորդում էր, շատ էր ճամփորդում: Ուղևորությունների ընթացքում նա ծանոթանում է մի շարք աշխարհահռչակ ստեղծագործողների հետ համաշխարհային կերպարվեստի, երաժշտության, կինոյի ու գրականության ոլորտից: Պարզում է՝ նրանց շարքերում երկրպագուներ էլ ունի: Մի այդպիսի իրավիճակի հետաքրքիր դիպված է Դալիի ու Խաչատրյանի հանդիպումը:

Սալվադոր Դալին իմանում է, որ Արամ Խաչատրյանը հյուրախաղերով գտնվում է Իսպանիայում և նրան հրավիրում է  իր առանձնատուն, թեև այդ օրերին Դալին ԱՄՆ-ում էր, հայ կոմպոզիտորին հանդիպելու համար հատուկ ժամանում է Իսպանիա: Իհարկե, էքսցենտրիկ Դալին չէր կարող սովորական հանդիպում ունենալ… Այսպիսով, նա միտումնավոր մի քանի ժամ սպասեցնում է Խաչատրյանին հյուրասրահում, և երբ արդեն ձանձրացած ու հավանաբար նաև վիրավորված կոմպոզիտորը պատրաստվում է հեռանալ, թաքնված բարձրախոսներից շատ բարձր սկսում է հնչել Խաչատրյանի «Սուսերով պարը»: Հյուրասրահ է մտնում մերկ Դալին՝ փայտին հեծնած, գլխավերևում  սուսերը թափահարելով: Նա այդպես պտտվում է Խաչատրյանի շուրջ ու հեռանում: Այսքանով հանդիպումն ավարտվում է:

Ասում են՝ հանդիպումը հավերժ հիշելու համար Արամ Խաչատրյանը Դալիից նվեր է ստացել մանրանկարների ալբոմը, որը միլիոնավոր դոլարներ արժեր:

«Գայանե» բալետից հայտնի «Սուսերով պարը» Սալվադոր Դալիի սիրելի ստեղծագործություններից էր: Ասում են՝ աշխարհահռչակ նկարչի կտավներից մի քանիսը հենց դրա տակ են ստեղծվել:

«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը»: Եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործոթյունները, ապա երբեք այն չէի գրի»

Յուրահատուկ աշխատանք է նաև «Սպարտակ»-ը: Այս ստեղծագործությունը տարբեր ժամանակներում հնչել է միջազգային լրատվամիջոցներում, հոլիվուդյան ֆիլմերում և այլուր:

Արամ Խաչատրյանը ֆենոմեն էր համաշխարհային երաժշտության ոլորտում: Նա նվագում էր, ստեղծագործում, ուներ ֆանտաստիկ լսողություն, բայց նոտաները սովորել է 19 տարեկանում: Նա այն կոմպոզիտորն էր, ում անունով աշխարհը ևս մեկ անգամ պետք է հիանար տաղանդավոր ու բազմաշնորհ հայ ազգով:

Արամ Խաչատրյանի համբավը պետք է տարածվեր աշխարհում և նույնիսկ դուրս գար մոլորակի սահմաններից…Տիեզերքում կա նրա անունը կրող աստերոիդ՝ (4802) Խաչատուրյանը: Այն հայտնաբերել է գերմանացի աստղագետ Ֆրեյմուտ Բորնգենը 1989-ի հոկտեմբերի 23-ին:

2013 թվականի հունիսի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի հիշողության համաշխարհային միջազգային ռեգիստրում գրանցվել են «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»:

Հավերժ համաշխարհային փառքի արժանացած հայ կոմպոզիտորը, մեծ հաշվով, Երևանում չի ապրել: Կենդանության օրոք նա հասցրել է տեսնել միայն իր երևանյան տան էսքիզները: Այժմ այդ տանը գործում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, որտեղ ցուցադրված են կոմպոզիտորի անձնական իրերը, որոնց թվում են նրա 6 ռոյալներից մեկը և այն գրիչն ու թանաքամանը, որով 1944-ին գրել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական օրհներգը:

Արամ Խաչատրյանի տուն թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Զարոբյան 3 հասցեում, իսկ Արամ Խաչատրյանը մահացել է Մոսկվայում, բայց իր վերջին հանգրվանն է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնը: Իր ժամանակիցների խոսքով՝ Խաչատրյանի ստեղծագործությամբ ու հենց Խաչատրյանի անձնային հատկանիշներով կարելի էր ճանաչել մի ամբողջ ազգի. նա հայ էր իր բոլոր դրսևորումներով, սրտի թրթիռով, մտքի թռիչքով. նրա ձեռքի տակ հայերեն էին հնչում նույնիսկ նոտաները:

«Ես հայ եմ, եղել եմ, կամ ու կլինեմ հայ, և իմ ստեղծագործությունը, իմ ամբողջ գործունեությունն ամենից առաջ պատկանում է իմ հարազատ ժողովրդին և իմ հայրենիքին` Հայաստանին…»

Հետևեք մեզ նաև Telegram-ում