Էդ.Նալբանդյան. «Հայ և բուլղար ժողովուրդների պատմական ճակատագրերը շատ նման են»
Նմանատիպ
Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ դեսպան Գեորգի Կարաստամատովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր փոխգործակցությունը դինամիկ զարգացում է ապրել և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա բարեկամական փոխհարաբերությունների էլ ավելի ամրապնդման և ընդլայնման գործում:
Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ հայ և բուլղար ժողովուրդների պատմական ճակատագրերը շատ նման են և նրանք կապված են շուրջ հազարամյա պատմաքաղաքակրթական խորը կապերով և միմյանց հանդեպ տածում են եղբայրական զգացումներ:
Դեսպան Կարաստամատովը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ հավաստիացրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու և դրանում նորանոր ոլորտներ ներառելու համար:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ փոխգործակցության ընդլայնման, Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության, առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում