Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել կարմրուկի դեմ

Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել կարմրուկի դեմ

Հայաստանում մարտի 3-ից մինչ օրս գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 209 դեպք, որից 8-ը ճանապարհորդությունից վերադարձած ՀՀ քաղաքացիներ են, ովքեր հիվանդացել են հենց շրջագայության ընթացքում։

Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայում զբոսաշրջության ակտիվությունը:

Նախարարությունից հորդորում են, որ բոլոր նրանք, ովքեր պատվաստված չեն կամ թերի են պատվաստված կարմրուկի դեմ, ինչպես նաև՝ նախկինում չեն հիվանդացել, հանգստի մեկնելուց առնվազն 10 օր առաջ պատվաստվեն կարմրուկի դեմ:

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է:

Վիճակագրությունը փաստում է` աշխարհում կարմրուկի դեպքերը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել են մոտ 80%-ով. միտումը շարունակվում է նաև այսօր: Կարմրուկի դեպքեր գրանցվում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Համաճարակային իրավիճակն անհանգիստ է նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում:

Հայաստանի առողջապահության գերատեսչությունից հիշեցնում են, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա/ամբուլատորիա և պատվաստվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում