Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Արցախի հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանին, որտեղ նախազգուշացրել է ընտրական գործընթացի խախտումների մասին:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Դուք մինչեւ Ձեր պաշտոնավարման ժամկետի ավարտը հանդիսանում եք Սահմանադրության հետևողը, ինչպես նաեւ պաշտոնը ստանձնելիս երդվել եք անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները’ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Արդ, պետք չէ մոռանալ, որ Դուք ոչ միայն ԼՂՀ նախագահի թեկնածու եք, այլեւ’ դեռեւս գործող նախագահ: Տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր տեղի է ունենում ընտրությունները վարկաբեկող գործընթաց, ինչը պատիվ չի բերում մեր երկրին, որը խնդիր ունի վերականգնելու իր միջազգային հեղինակությունը: Քարոզարշավը դեռ չսկսած՝ Արցախի բոլոր շրջանների վարչակազմերի ղեկավարները, խախտելով օրենքը, սկսել են նախընտրական քարոզարշավը եւ անօրինական կազմակերպչական աշխատանքներ են տանում տեղերում: Այդ գործում ընդգրկված են նաեւ շրջանային տարբեր ծառայությունների ղեկավարներ: Վարչական ռեսուրսի անօրինական օգտագործումը վտանգ է ներկայացնում մեր հասարակության համար:

2005 թվականից ի վեր անցկացված ընտրություններում իշխանություններն ամենատարբեր ընտրախախտումների հարուստ փորձ են կուտակել, մասնավորապես, բացի վերոնշյալից, նկատի ունենք քաղաքականության մեջ իրավապահ եւ անվտանգության մարմինների անօրինական ներգրավումը, ընտրացուցակների ուռճացումը, քաղաքացիների վրա զանազան ճնշումները եւ այլն: Սա բերել է հասարակության մեջ լուրջ հիասթափությունների, ընտրական համակարգի նկատմամբ անվստահության եւ երկրի միջազգային վարկանիշի նվազման:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես եւ իմ թիմակիցները չենք հանդուրժելու նման զարգացումները եւ օրենքի սահմաններում կանխարգելիչ քայլեր ենք ձեռնարկելու», – նշված է Վիտալի Բալասանյանի նամակի մեջ:

Նշենք, որ այսօր կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը:

ԼՂՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից Lurer.com-ին հայտնում են, որ նիստին հրավիրված եւ մասնակցում էին ԼՂՀ նախագահի թեկնածու ինքնաառաջադրված քաղաքացիներ, նրանց լիազոր ներկայացուցիչներ, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու ինքնաառաջադրված քաղաքացիներին որպես նախագահի թեկնածու գրանցելու մասին հարցը:

Ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան քննարկելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի թեկնածու ինքնաառաջադրված քաղաքացիների կողմից ներկայացրած փաստաթղթերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածուներ գրանցել.

Վիտալի Միխայիլի Բալասանյանին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական.

Վալերի Սերգեյի Խաչատրյանին՝ թոշակառու, անկուսակցական .

Բակո Սահակի Սահակյանին՝ Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ, անկուսակցական.

Արկադի Իվանի Սողոմոնյանին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, անկուսակցական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում