Փաշինյանը «սպառնում է» ամփոփել Օսկանյանի թեման

ԱԺ պատգամավոր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Վարդան Օսկանյանի վերաբերյալ բուռն քննարկումների առիթ է դարձել, որոնց ի պատասխան Նիկոլ Փաշինյանը գրել է.

«Համբերատար սպասում եմ, որ բոլոր «հերթագրվածները» արտահայտվեն: Ես՝ որպես «հիմնական զեկուցող», քննարկումը կամփոփեմ վերջում»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյան, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելուն, իր էջում գրել էր.

«Վստահաբար չեմ կարող պնդել, թե ինչ մոտիվացիաներով է Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրվում Վարդան Օսկանյանով, բայց կարծում եմ՝ նրանով վաղուց պետք է հետաքրքրվեր 2008թ. Մարտի 1-ի սպանություններով զբաղվող քննչական խումբը: Համոզված եմ, պարոն Օսկանյանը Մարտի 1-ի սպանությունների գործով բազմաբովանդակ եւ հսկայական նշանակություն ունեցող ցուցմունքներ ունի տալու Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ, եւ վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենեւին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ»:

Ի պատասխան Փաշինյանի այս հայտարարության, հոդվածով է հանդես եկել «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որն առաջաինին համարում է Բաղրամյան 26-ի վերջին ռեզերվ:

«Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի «մարտի 1»–ի պահով կոկորդիլոսի արցունքներ թափել և հեղափոխական պաթետիզմով իբր թե խոսել Սերժ Սարգսյանի դեմ, ակնհայտ է, որ նա՝ 1) դրական է գնահատում Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող գործողությունները և 2) միանում է իշխանական քարոզչական մեքենային՝ կատարելով «ընդդիմադիր» դիքերից Օսկանյանին մեղադրողի ֆունկցիան։ Այսինքն՝ Փաշինյանը անում է այն, ինչը ձեռնտու է իշխանությանը, իսկ մնացածն ընդամենը խոսքեր են։ Մեր ժողովուրդը տարատեսակ հաճախորդներ է տեսել և մարդկանց խաբելը մի փոքր դժվարացել է։ Մի քանի ջահելի կարելի է համոզել, որ «փախած հեղափոխական» ես, բայց դե իրականությունը դրանից չի փոխվում», – գրել է Թևանյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում