Ռուսաստանը հուլիսին միջուկային զենք կտեղակայի Բելառուսում․ Պուտին

Ռուսաստանը հուլիսին միջուկային զենք կտեղակայի Բելառուսում․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայումը կսկսվի հուլիսին։

Ելույթ ունենալով Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ՝ Պուտինը նշել է, որ տեղակայման համար անհրաժեշտ հատուկ օբյեկտների շինարարությունը նախատեսվում է ավարտել հուլիսի 7-8-ը։

«Ամենազգայուն հարցերի շուրջ, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, ինչպես գիտեք, համապատասխան օբյեկտների նախապատրաստումն ավարտվում է հուլիսի 7-8-ը, և մենք անմիջապես կսկսենք համապատասխան տիպի տեղակայման աշխատանքները»,- ասել է նա։

Մայիսի վերջին Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման մասին, որը նախատեսում է դրանք հատուկ պահեստում պահելու պայմանները։

Այս տարվա սկզբին Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կտեղակայի և կավարտի դրանց համար հատուկ պահեստի կառուցումը հարևան Բելառուսում։

Պուտինն ասել է, որ այդ քայլը պատասխան է անվտանգության աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Մոսկվան հետևում է ԱՄՆ-ին, որը իր տակտիկական միջուկային զենքը տեղակայել է եվրոպական երկրներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում