Թե ինչու է Երևանի փոխոստիկանապետը հաճախ օգտվում մետրոպոլիտենից
Նմանատիպ
Երեւանի Փոխոստիկանապետ, գնդապետ Ռոբերտ Մելքոնայանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ես հաճախակի եմ օգտվում մետրոպոլիտենից, սիրում եմ այդ փոխադրամիջոցը, այն ամռանը զով է, ձմռանը տաք: Բայց այսօր ՝ կիրակի առավոտյան, ինձ բռնացրի այն մտքի վրա, թե որն է հիմնական պատճառը, որ այն ինձ դուր է գալիս: Այսօր միայն նկատեցի, որ մետրո մտնող հասարակությունը կարծես զտված, մաքրված մի այլ հասարակություն լինի, այն ինձ մարդկանց պահվածքով, տեսքով, շարժուձեւով մի փոքր եւրոպական երկրները հիշեցրեց: Մետրոյում չկան այն հաստավիզ, ճարպակալած դեմքով, «հաստացեփ» ջիպավորները, բրենդավորված անճաշակ տիկնիկները, կարմրաշրթունք՝ արեւածաղիկ չրթող կանայք ու աղջիկները, երթուղայինների տափակաբանող ուղեւորները եւ արաբա – թուրքական կլկլոցները, այն լպիրշ, վավաշոտ հայացքով եւ դատարկամիտ տղաները, քաղաքի փողոցներին բնորոշ աղբը, կեղտը, փոշին ու հարայ – հրոցը: Չէ, մետրոն ամեն դեպքում ուրիշ է, իր ուղեւորներով, իր կոկիկությամբ, իր մթնոլորտով, իր հասարակությամբ: Այն ինձ հիշեցնում է անդրեասղուկասյաններին, մարիամախոտերին, անահիտբախշյաններին, եղիաներին, մերիներին, գոռերին, բոլոր-բոլորին, այն մաքրամաքուր հասարակությանը, որոնց շուրջը ձեւավորվում է մեր ապագան: Այստեղ կարծես այլ աշխարհ է, մարդիկ թեկուզ աղքատիկ, բայց ճաշակով են՝ անպաճույճ, պարզ, համեստ, կարգապահ:Ես շատ եմ սիրում մետրոն եւ նրա ուղեւորներին, երանի ամբողջ Երեւանը մետրոյի նման լիներ իր զտված տեսակով…
Հ.Գ. Հարգելիներս ես բառեր եմ օգտագործում, որոնց «հեղինակային իրավունքը» իմն է ՝ ֆաստֆուդային մտքեր, աֆորիզմներ, բրենդավորված տիկնիկներ, կարմրաշուրթ չրթողներ, հաստացեփ ջիպավորներ: Եթե Ձեզ դուր չի գալիս, հայցում եմ Ձեր ներողամտությունը», – գրել է Երևանի փոխոստիկանապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում