«Զարմանալի հայը». Այսօր Գևորգ Էմինի հիշատակի օրն է

«Զարմանալի հայը». Այսօր Գևորգ Էմինի հիշատակի օրն է

Կառլեն Մուրադյանը ծնվել է, ինչպես ինքն էր ասում՝ «Հայաստանի սրտում»՝ Աշտարակում: Նա մասնագիտությամբ հիդրոտեխնիկ էր, կոչումով՝ պոետ:

Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ

Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական,

Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ,

Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար:

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս Արարատյան,

Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ,

Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար

Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել:

Այս «զարմանալի հայը» հայ գրականության մեջ պետք է թողներ իր անունը՝ որպես Գևորգ Էմին: Նա Հայաստանը սիրող ու Հայաստանով ապրող պոետ էր: Նա յոթ երգ գիտեր, յոթն էլ Հայաստանի մասին: Ի դեպ, Հայֆիլմ կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը:

Մենք գահ ու թագ չ´ենք ունեցել,

Եվարքա´ է ամեն մի հայ.

Զորք ու բանակ չենք ունեցել,

Եվսպա է ամեն մի հայ.

Ամեն մի հայ լեռան մի ծերպ,

Ամեն մի հայ ուրույն մի կերպ,

Ամեն մի հայ մի Հայաստան

Բաժանբաժան,

Անմիաբան,

Զատվա՜ծ, հատվա՜ծ,

Եվ սակայն մի´,

Երբ սպառնում է թշնամին

Մեր դարավոր անմահ երթին,

Եւ այս ժայռին թառած բերդին,

Որ Հայրենիք ենք անվանում

Զգո՜ւյշ գործիր Հայաստանում:

Գևորգ Էմինի խիստ հայաշունչ պոեզիան աշխարհին հասանելի է վրացերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, արաբերեն, լեհերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, բուլղարերեն, չեխերեն, հունգարերեն և այլ լեզուներով:

Նրա պոեզիայով կարելի է մանրամասն ճանաչել հային ու հայրենիքը՝ բոլոր շերտերով ու դրսևորումներով՝ «Սասունում ծնված, Բեյրութում ապրած, Էջմիածնում մեռած»-ից մինչև «Լեռների ծերպից սուրացող այն փոքր քարի նման, որ դաշտում ընկած ժայռի ուժն ունի», աստղերի պես ցիրուցան եղած, բայց Բյուրականից մինչ Լուսին և Լուսավանից մինչև Ուրարտու հասնող սահմանով:

Մենք կես,

Կես ենք մենք,

Չլինեինք կես՝

Հայ կլինեինք,

Եվ ոչ թուրքահայ,

Կամ ֆրանսահայ,

Կամ արաբահայ,

(Իսկ վաղն աստղահայ

Եվ կամ լուսնահայ…)

Կես ենք,

Երկճեղքված,

Կիսված,

Երկգագաթ

Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լեռան նման

Բայց վկա ճեղքված Մասիս լեռը մեր,

Վկա մեր կեսը մորթված ԴերԶորում

Եվ այն կեսը,

Որ ես եմ,

Դու և նա,

Մենք կմիանանք

Մենք կամբողջանանք,

Կգտնենք մի օր

Լրիվ դառնալու հնարն անհրար:

Մենք, որ «տմարդի աշխարհում մարդ ենք մնացել», «մարդկության ու պատմության դոնորը եղել», կրկին աշխարհի զոհասեղանին ենք: Չգիտեմ՝ Մասիս լեռան լանջին պարելու նրա հույսը, երազանքը, մաղթանքը երբևէ կկատարվի, թե չէ, բայց հաստատ է՝ Գևորգ Էմինի պոեզիայով հայի տառապանքը, կռիվը, հերոսականությունն ու երազանքը բազում դարեր աշխարհին կպատմեն մեր մասին:

«Ամեն դար մի վերք է բերել, մի ավերակ ու կնճիռ։ Բայց և ամեն դար մի աստիճան ու քար է եղել Տարտարոսից մինչև յոթերորդ երկինք ձգվող առասպելական այն սանդուղքի, որով մեր ժողովուրդը Տառապանքի անդունդից դեպի երջանկության աստղերն է բարձրանում»։

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում