Վարշավան և Կիևը կասկածվում են «Հյուսիսային հոսքը» պայթեցնելու մեջ

Վարշավան և Կիևը կասկածվում են «Հյուսիսային հոսքը» պայթեցնելու մեջ

«Գերմանիայում քննիչներն ուսումնասիրում են ապացույցներ, որոնք վկայում են, որ դիվերսիոն խումբն օգտագործել է Լեհաստանի տարածքը որպես օպերատիվ բազա Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» գազատարը պայթեցնելու համար»։

Այս մասին գրում է Wall Street Journal-ը:

Ըստ թերթի՝ քննիչները վերակառուցել են «Անդրոմեդա» զբոսանավի երկշաբաթյա նավարկությունը, որը կասկածվում է «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա դիվերսիա իրականացնելու մեջ։

Շաբաթ օրը ամսագիրը մեջբերել էր նավարկությանը ծանոթ մարդկանց, որոնք հավաստիացրել էին, թե դիվերսիոն խումբը խորջրյա պայթուցիկներ է տեղադրել «Հյուսիսային հոսք 1»-ում, նախքան նավի Լեհաստանի ուղղությամբ ուղևորվելը: Թերթը գրում է, որ Գերմանիան փորձում է նավի վրա հայտնաբերված ԴՆԹ-ի նմուշները համապատասխանեցնել «առնվազն մեկ ուկրաինացի զինվորի»:

«Ապացույցները ներառում են տվյալներ «Անդրոմեդա» զբոսանավի ռադիո և նավիգացիոն սարքավորումներից, ինչպես նաև արբանյակային ու բջջային հեռախոսներից, Gmail հաշիվներից, որոնք ենթադրաբար օգտագործվել են հանցագործների կողմից»,- հաղորդում է Wall Street Journal-ը։

«Մանրամասները ցույց են տալիս, որ նավը անցել է այն վայրերով, որտեղ ավելի ուշ տեղի են ունեցել պայթյունները։ Սրանք ապացույցներ են, որոնք ամրապնդեցին քննիչների համոզմունքը, թե «Անդրոմեդան» մեծ դեր է ունեցել անցյալ տարի խողովակաշարի ոչնչացման գործում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Թերթը գրում է, որ քննիչները սկսել են զննել նավը արևմտյան հետախուզական ծառայության հուշումից հետո։

Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակը և Լեհաստանի կառավարության խոսնակը անմիջապես չեն արձագանքել իրենց ուղղված հարցերին։
Լեհաստանի հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգող նախարարի տեղակալ Ստանիսլավ Զարինն իր Twitter-ում գրել է․ «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2»-ի ոչնչացման լեհական կամ ուկրաինական թելադրանքների մասին տեղեկատվությունը, որը կրկնվում է մեդիա տարածքում, հետևողականորեն օգտագործվում է ռուսական ազդեցության ապարատի կողմից՝ տպավորություն/ ենթադրություն ստեղծելու համար, որ Վարշավան և Կիևն են կանգնած այս միջադեպի հետևում»։

Չորեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է իր կառավարության մասնակցությունը գազատարների դիվերսիայի հարցում։

«Ես նախագահն եմ և տալիս եմ համապատասխան հրամաններ։ Ուկրաինայի կողմից նման բան չի արվել։ Ես երբեք այդպես չէի վարվի»,- ասել է Զելենսկին՝ խնդրելով ապացույցներ տրամադրել Ուկրաինայի մասնակցության վերաբերյալ։

Գերմանական լրատվամիջոցները մարտին բացահայտել են հարձակման գործում Ուկրաինայի քաղաքացիներին պատկանող լեհական ընկերության զբոսանավի հնարավոր մասնակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում