Յուրա Պողոսյան․Հայաստանի երիտասարդ Ազգային հերոսը

Յուրա Պողոսյան․Հայաստանի երիտասարդ Ազգային հերոսը

Ծնվել Վոլգոգրադում, մեծանալ Ստեփանակերտում, զբաղվել ըմբշամարտով, աշխատել ավտոմեխանիկ և զոհվել Նախիջևանիկում: Շատ խառը պատմություն է թվում, բայց դետալներն առավել տպավորիչ են:

Սա Յուրա Պողոսյանի կյանքն է:Նա Հայաստանի Ազգային հերոս է, ով ապրել է ընդամենը 31 տարի: Փոքրամարմին տղա է եղել, Արցախում նրան «Կուճուր Յուրա» էին ասում: Բայց այդ փոքր մարմնում երկաթե կամք ու բնավորություն կար:

Մետաղից ու մեխանիկայից լավ էր հասկանում, բացի այդ՝ ուներ վառ երևակայություն: Յուրայի մանկության ընկերները կատակում են՝ եթե աշխարհում հրթիռներ չլինեին, Յուրան էր դրանց գյուտն անելու:

Կատակը՝ կատակ, բայց նա իր ստեղծած զենքով նույնիսկ Արցախյան պատերազմին է մասնակցել: Իսկ Մեծ Թաղլարում էլ մարշալ Խանփերյանցի տուն-թանգարանի մոտի ինքնաթիռ-հուշարձանն ամեն տեսնելիս ասում էր՝ ազատ ժամանակ ունենամ, ինքնաթիռը բերելու եմ մարտական վիճակի, և մենք ունենալու ենք նաև մարտական օդուժ:

Ստեփանակերտում ապագա ազգային հերոսը սեփական արհեստանոց էր հիմնել, մեքենաներ էր վերանորոգում, ռադիոտեխնիկայով զբաղվում: Կատարած աշխատանքի համար ոչ միշտ էր գումար վերցնում: Ընկերները պատմում են, որ Յուրայի կարծիքով աշխատանքն անգին է, ինչպես գնահատես աշխատանքդ: Իսկ կինը կատակում էր, թե Յուրայի արհեստանոցի դռանը կարելի է ցուցատախտակ փակցնել՝ բարի գործերի բյուրո:

Յուրին խաղաղ, ազատ, հպարտ ու միասնական հայրենիքում ապրելու երազանք ուներ: Նա նաև լավ հասկանում էր, որ դրա համար պայքարել ու կռվել է պետք լինելու: Մինչ այլք մտածում էին, թե «Միացում» շարժմամբ ու հանրահավաքներով հնարավոր կլինի խաղաղ ճանապարհով ազատագրել ու մայր Հայաստանին միացնել Արցախը, Յուրան կանխազգում էր մոտալուտ պատերազմն ու գիտակցում զենքի բացակայությունը: Եվ մինչ տարածաշրջանում զբաղված էին բազմամարդ հավաքներով, Յուրան զենքի հայթայթմամբ ու նույնսիկ ստեղծմամբ էր զբաղված:

Յուրա Պողոսյան

Յուրա Պողոսյան

«Հաստոցներ ունեինք. մեխանիկական արտադրամաս էր: Մի շաբաթում որոշում ենք ու սկսում զբաղվել դրանով: Գիշերն աշխատելու ժամանակ մենք կանգնում էինք ճանապարհին, որ հանկարծ ռուսական բանակը չմտնի, Յուրային վերցնի», – պատմում են Յուրի Պողոսյանի մարտական ընկերները:

Հենց այդպես լարվածության, անորոշության մեջ, ամենասովորական հաստոցների ու ձեռքի տակ եղած միջոցներով Յուրան ստեղծում է ատրճանակներ, հրացաններ, նույնիսկ նռնականետներ ու գնդացիրներ:

Պատերազմի ժամանակ նրա պատրաստած զենքերն իրենց արդարացրին Ստեփանակերտում, Հադրութում, թեև մինչև մարտական գործողություններին հասնելն այդ զենքերը փորձարկվել են ավտոտնակում՝ երբեմն վիրավորելով, վնասվածքներ հասցնելով Յուրային:

Երբ պատերազմը սկսվեց, Յուրան առաջիններից էր, որ ինքնաշեն զենքով մեկնեց մարտադաշտ: Նա այնքան ճկուն էր, խիզախ, կազմակերպված ու պինդ, որ նրան հրամանատարական ու հետախուզական աշխատանք էլ վստահվեց:

Արցախում գրեթե չկա մի համայնք, որտեղով անցած չլինի Յուրան, որի ազատագրմանը մասնակցած չլինի: Իր կյանքի վերջին երջանիկ էպիզոդը Շուշիի ազատագրումն էր: Ականատեսները պատմում են, որ նա երեխայի պես լաց էր լինում երջանկությունից ու հպարտությունից:

Արցախյան հերոսամարտում Յուրի Պողոսյանի ֆենոմենալ սխրանքներից մեկը Խանաբադի մարտում արվածն էր. նա իր սովորական մարտական մեքենայով թշնամու երեք ՀՄՄ ոչնչացրեց: Ռազմական գործում սա գրեթե անհնար է:

«Ամբողջ աշխարհի զինվորականներին կարելի է բերել՝ Պողոսյան Յուրան մի հատ մաստերկլաս անցկացնի, թե ոնց կարելի է այդ թեթև մեքենայով այդպիսի հարցեր լուծել»:

Ի դեպ, նրա այդ մեքենան ամիսներ շարունակ Արցախի միակ զրահատեխնիկան էր: Այսպիսով, այդ մեքենան մասնակցում էր բոլոր կատաղի մարտերին ու հրաշքներ գործում:

1992-ի հունիսը Արցախյան պատերազմի ամենակատաղի ամիսն էր: Ադրբեջանը սրում էր իրավիճակը ողջ ճակատագծով: Արդյունքում, ընկան Շահումյանն ու Մարտակերտը: Թշնամին հզոր գրոհով Ասկերանի մոտից փոորձեց հասնել Ստեփանակերտ: Հունիսի 12-ին Ասկերան-Նախիջևանիկ ճակատում իր մարտական մեքենայով կռվում էր 31-ամյա Յուրա Պողոսյանը: Այստեղ էլ Յուրայի ինքնաշեն զրահատեխնիկան իրեն արդարացրեց: Թշնամին խայտառակ ջախջախման ենթարկվեց ու հետ շպրտվեց: Բայց սա Յուրայի վերջին մարտն էր…

Թիկունքում Յուրային սպասում էր երիտասարդ կինը՝ 3 երեխաների հետ: Յուրան այդպես էլ չվերադարձավ, իսկ նրա զրահամեքենան Արցախի ՊԲ առանձին վերանորոգման զորամասի բակում է՝ որպես անմնացորդ նվիրումի, հայրենասիրության, պայքարի ու հաղթանակի վկա երբևէ Արցախը վերաազատագրելու երազանքով:

Հերոսի աճյունը Ստեփանակերտի գերեզմանատանն է հանգչում: Հուղարկավորության արարողության ժամանակ Յուրայի հայրը Կոմանդոսին ասել է՝ դուք կորցրիք ևս մեկ զինվոր…Հրամանատարը ծանր հոգոցով արձագանքել էր՝ ոչ թե մեկ, այլ միանգամից 1000-ը:

Հետմահու Յուրա Պողոսյանն արժանացել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանին, ՀՀ Ազգային հերոս է և Արցախի հերոս: 31 տարեկանում կյանքը հայրենիքին տված Ազգային հերոսը 31 տարի է չկա, բայց նրա ապրած ու չապրած տարիները պատմության ու հայրենասիրության դասեր են բոլոր սերունդների համար:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում