ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է չմեկնել Ադրբեջանի սահման և Արցախ
Նմանատիպ
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալ ՀՀ սահմանային որոշ վայրեր, ինչպես նաև Արցախ այցելելուց։
Այս մասին Times.am-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից։
ԱՄՆ քաղաքացիների համար նախատեսված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․
«Հայաստանում ամառային ճանապարհորդությունների սեզոնով պայմանավորված Երևանում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում են անկարևոր ճանապարհորդությունները հետևյալ ուղղություններով, ինչն արտացոլում է մի փոքր մեղմացում, քանի որ սահմանափակումները սկսել են կիրառվել 2022 թվականի սեպտեմբեր ամսից»։
Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ներառված վայրերն են՝
- Տավուշի մարզի Վարագավանից արևելք՝ Հ37 ավտոճանապարհը,
- Տավուշի մարզի Նավուր գյուղից արևելք՝ Հ36 ավտոճանապարհը,
- Գեղարքունիքի մարզում Վարդենիսից արևելք,
- Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ.
- Ճանապարհորդությունը դեպի Ջերմուկ, Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով Հ42 և Հ43 ճանապարհներով:
- Սյունիքի մարզ։
- Ճանապարհորդությունը դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակում է արգելված մնալ։
Դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է շարունակել զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմաններից և խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և շփման գծի մերձակայք ճանապարհորդություններից։
«ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապօգնության ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքն արգելված է»,-ասված է զգուշացման մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում