Սայաթ-Նովա. «խալխի նոքարի» «դավթարը», որն «ամէն մարդ չի կանայ կարդայ»
Նմանատիպ
Սայաթ-Նովայի կյանքի մասին ստույգ ինֆորմացիա չկա: Որքան էլ նրա գրական ժառանգությունն ու կյանքն ուսումնասիրվել է, միևնույնն է, ինչպես Թումանյանն էր ասում՝ «պակասավոր» դրվագներ կան:
Քանի վուր ջան իմ, եա~ր, քի ղուրբան իմ. աբա ի՞նչ անիմ.
Արտասունք անիմ, շատ հոգուց հանիմ, եա~ր, ղադէդ տանիմ:
Ասիր` ջէյրան իմ. թուղ քի սէ՛յր անիմ, եա~ր, մըտիկ անիմ:
Մո՛ւտ բաղչէն նազով, քիզ գովիմ սազով, եա~ր, իլթիմազով…
Սայաթ-Նովայի ծննդյան ու մահվան ստույգ տարեթվեր չկան: Դրանց շուրջ սայաթնովայագետները վիճում են մինչ օրս: Վարկածները շատ են, արժանահավատները՝ ևս:
Նույնչափ վիճելի է նրա ծննդավայրը: Վարկածներից են Թիֆլիսը և Սանահինը: Այս համատեքստում ուշագրավ է վրաց արքայազն Թեյմուրազի հետևյալ հիշատակումը.
«Սայաթ-Նովան Էրեկլե 2-րդի ժամանակ ճորտագրված էր Գեորգի 13-րդի մոտ… Նա Վրաստանի հայերից էր՝ Գեորգի 13-րդին պատկանող արքունական Սանահին գյուղից»:
Առհասարակ նրա կյանքին վերաբերող անորոշ, չպարզաբանված ու չհաստատված տեղեկությունները շատ են: Իր տաղերից մեկից կարելի է իմանալ, որ իսկական անունը Արութին է: Ծնողների մասին ևս իմանում ենք տաղերից: Իր թուրքալեզու գործերից մեկում նա ասում է, որ հայրը Հալեպից է, մայրը՝ Հավլաբարից:
Սայաթ-Նովա անունը թարգմանաբար նշանակում է որսորդի թոռ: Նրա կրտսեր որդին` Օհանը կրում էր Իվան Սեյադով անունը, իսկ ավագ որդու` Մելիքսեթի ժառանգները Սայադյան էին: Այսինքն, Սայաթ-Նովայի տոհմական ազգանունը Սայադյան է:
…Գ’ո՛ւզիմ, թէ համաշա դըռանըդ գամ ուխտ`
Աչքիրըդ, կա՛րմիր վարդ, նուր բացարած տուղտ,
Լիզուդ գըրիչ ունիս, ձեռըդ` գուլգազ թուղթ.
Ծովէմէն դուս էկած զա՛րա իս, գօ՛զալ…
Սայաթ-Նովան գիտեր ու ստեղծագործում էր մի քանի լեզվով: Մեր օրեր են հասել նրա հայերեն, վրացերեն ու թուրքերեն խաղերը: Նրա գրական ժառանգութան մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում սիրո երգերը:
…Յիս էլ ուրիշ եար չունիմ, էս գըլխէն վա՛ղ իմացի.
Ա՛նգաճ արա, մա՛տաղ իմ քիզ, էս խօսքըս սա՛ղ իմացի.
Մըտի՛կ արա քու Ստիղծողին` տուզ-նամագ-ա՛ղ իմացի.
Սայաթ-Նովին մի՛ ջըգրեցնի` էշխէմէդ տո՛ւսաղ իմացի.
Խիլքըս գըլխէմէս տարիլ իս քու, բէ՛մուրվաթ, գարդիշ տալով:
Առեղծվածային է նաև Սայաթ-Նովայի սերը: Ով էր այն յարն ու գոզալը, որին նա նվիրում էր իր խաղերը: Այստեղ էլ մի քանի վարկած կա: Վրաց Հերակլ 2-րդ թագավորի քրոջ՝ Աննայի մասին ծավալված զրույցները մինչև մեր օրեր են հասել, բայց Աննան ամուսնացած էր, իսկ պալատական երգիչ դարձած ճորտի հետ սիրավեպն անհնար էր ու անկարելի: Բացի այդ սա ոչ մի դեպքում չհաստատված վարկած է: Մեկ այլ վարկածով էլ աշուղը սիրահարված էր մի հույն գեղեցկուհու: Ի խաղերից մեկում նա գրում է՝ «Մանի դիվանա էյլադի բիր թարիփլու էք ռումի»: Ռումի նշանակում է հույն: Թիֆլիսում լուրեր էին շրջանառվում, որ պալատական աշուղը սիրահաված է Տալիթա անունով մի աղջկա: Եթե հաշվի առնենք անվան հունական ծագումնաբանությունը, իսկ խաղերից մի քանիսում հիշատակված ռումին ու Տալիթան բավականին արժանահավատ են:
…Աշուղի լիզուն բըլբուլ է, օրհնանք ունէ, նալաթ չըկայ.
Շահի մօդ խօսքն անց կու կէնայ, սըպանելու ջալլաթ չըկայ.
Հէքիմ ու դադաստան չըկայ, մէ դըրուստ ադալաթ չըկայ.
Մէ մարդ չըկէր` ազատիլ էր, Սայաթ-Նովէն դարին մընաց:
Այնուամենայնիվ, ինչն էր տանջում ու ցավ պատճառում Սայաթ-Նովային, մեր օրերում դժվար է ասել: Բայց այն որ անարդար ժամանակները երբեք չեն ավարտվում, բավականին ծարակշիռ վարկած է: Ինչու նա հեռացվեց պալատից, ինչու նրանից երես թեքեց թագավորը: Սայաթ-Նովան այդ առիթով իր խաղերից մեկում գրում է՝ «Ո՞ւմ մեղադրեմ ինչի՞ց եղավ…Էս ամենն իմ խելքից եղավ»:
Վրաց Թեյմուրազ արքայազնի վկայությամբ Սայաթ-Նովան «հայ տերտեր էր»: Ժամանակագրությունը վերականգնել ու հասկանալ՝ Սայաթ-Նովան մինչև պալատ գալն էր հոգևորական, թե պալատից հեռանալուց հետո, դժվար է:
Աշխարհէմէն բէզարիլ իմ, էլ բերնումըս համ չըկայ, չէ՛,
Թառամիլ է սըրտիս վարդըն, սափա, զօղ ու դամ չըկայ, չէ՛,
Ամէն մարդ ի՛րան է քաշում, դարդիման համդամ չըկայ, չէ՛,
Բոլորըն ղամքաշ ին դառի` ուրախ սիրտ անգամ չըկայ, չէ՛…
Այնուամենայնիվ, Սայաթ-Նովան ուներ ընտանիք: Կինը՝ Մարմարը լոռեցի էր: Նրանք զավակ ունեին, թեև քիչ չեն կարծիքները, որ նա կուսակրոն հոգևորական է եղել: Հոգևորական լինելը հասկացվում է կնոջ հիշատակություններից, որոնցում նա ամուսնու մասին ասում է Տեր Ստեփանոս:
Սայաթ-Նովայի մահը ևս մի քանի վարկած ունի: Եթե նա զոհվել է պարսից Աղա Մահմադ խանի արշավանքի ժամանակ, ապա ինչպես է մասնակցել մարտերին 80-ն անց տարիքում, իսկ աբեղա Իոնե Խելաշվիլին Էջմիածնից Թիֆլիս վերադառնալիս Հաղպատի վանքում հանդիպել է Սայաթ-Նովային: Այս վարկածի համաձայն՝ հանդիպումը պարսկական արշավանքի ժամանակ աշուղի զոհվելուց հինգ տարի անց է եղել:
Թբիլիսիում ամեն տարի նշվում է Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնը: Քաղաքի սրտում էլ տեղադրված է նրան նվիրված քանդակ՝ Գիա Ջափարիձեի և Կախա Քորիձեի համահեղինակությամբ: Իսկ Թբիլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում Սայաթ-Նովայի հուշաքարն է, աշուղի խաղերից մեկով
…Ամէն մարդ չի կանայ խըմի` իմ ջուրըն ո՛ւրիշ ջըրէն է.
Ամէն մարդ չի կանայ կարդայ` իմ գիրըն ո՛ւրիշ գըրէն է.
Բունիաթըս աւազ չիմանաս, քարափ է, քարուկըրէն է…
Սայաթ-Նովայից պահպանվել են մոտ 70 հայերեն, 120 թուրքերեն և շուրջ 30 վրացերեն երգեր, որոնց մեծ մասը նրա արքունական դավթարում են:
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում