Գերմանացիներ Էռնես Դրայսը և Յոհաննես Կերհերը պարգեւատրվեցին «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով

Հունիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում’ Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Հայաստանի և Գերմանիայի միջև հոգևոր ու մշակութային ոլորտներում փոխհամագործակցության զարգացման գործում իրենց ներդրման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացան Էռնես Դրայսը և Յոհաննես Կերհերը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տեղեկատվական համակարգից:

Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազան Հայրը, ջերմորեն ողջունելով հյուրերի ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ներկայացրեց շքանշանակիրների գործունեությունն ու իրականացրած բարեգործական ծրագրերը:

«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Էռնես Դրայսին ուղղված կոնդակում մասնավորապես նշվում էր. «Այսօր գոհունակություն է Հայրապետիս համար հաստատել, որ Դուք տարիներ շարունակ գովարժան հաձնառություններով արդյունավոր ջանքեր եք բերում ի նպաստ Հայաստանի և Գերմանիայի միջև հասարակական, հոգևոր ու մշակութային ասպարեզներում փոխգործակցության զարգացման: Ձեր նախաձեռնությամբ արդյունավոր հարաբերություններ են հաստատվել Սուրբ Գեղարդավանքի և Գերմանիայի Լորշ վանական համալիրների միջև’ ի նպաստ հոգևոր-բարոյական արժեքների տարածման ու քրիստոնեական հավատքի զորացման: Ուրախալի է, որ վանքերի միջև համագործակցության շրջանակներում Գեղարդավանքի երգչախումբը բազմիցս առիթներ ունեցավ համերգներով հանդես գալ Գերմանիայում’ հայ հոգևոր ու ազգային երգի գոհարները ներկայացնելով գերմանացի ունկնդիրներին: Մեր ժողովուրդը մշտապես երախտագիտությամբ է հիշելու Ձեզ’ որպես սիրելի երախտավորի, և աղոթելու առ Աստված Ձեր կյանքի ու գործերի հաջողությանց համար»:

Յոհաննես Կերհերին ուղղված կոնդակում ասվում էր. «Գոհունակությամբ տեղեկացանք մեր երկրում Ձեր կողմից իրականացված ծրագրերի մասին: Տարիներ շարունակ Դուք աջակցություն եք բերում Սուրբ Գեղարդավանքի և Գերմանիայի Լորշ վանական համալիրների միջև հաստատված համագործակցության զորացմանը, որն արդյունավորվում է աստվածահաճո ձեռնարկների իրականացմամբ’ ի նպաստ երկու հաստատությունների առավել պայծառության:

Ուրախություն է Հայրապետիս համար նաև, որ Դուք առ Աստված հավատքով և առ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին անկեղծ հարգանքով օժանդակեցիք Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու գմբեթի նորոգության աշխատանքներին: Ձեր սրտաբուխ հանձնառությունը բարձրորեն գնահատվեց մեր հավատացյալների կողմից, ովքեր երախտագիտությամբ հիշում են Ձեզ ու մշտապես աղոթում Ձեզ համար»:
Կոնդակների ընթերցումից հետո Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նվիրյալներին հանձնեցին շքանշանները:

Այնուհետև իրենց սրտի խոսքն արտահայտեցին պրն. Դրայսն ու պրն. Կերհերը: Նրանք շնորհակալություն հայտնեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց այդպիսի մեծ պատվի արժանացնելու համար, ապա նշեցին, որ մտադիր են իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնք պիտի ավելի սերտացնեն գերմանահայկական հարաբերությունները:

Արարողության ավարտին հոգևոր երգերի կատարմամբ հանդես եկավ Ս. Գեղարդավանքի երգչախումբը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում