Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգ նախարարությունների աշխատակիցներին ներկայացրել է նոր նախարարներին:

Ներկայացնելով տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին՝ վարչապետը նշել է, որ վերջին տարիներին այս ոլորտում իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ ճանապարհային շինարարությունը, որն իրականացվում է Ասիական բանկի միջոցների հաշվին:

Տ.Սարգսյանի խոսքերով՝ այս տարի մեկնարկելու են մեծածավալ շինարարական աշխատանքներ և մրցույթների արդյունքում նախատեսվում է, որ խոշոր եվրոպական կազմակերպությունների շնորհիվ կկառուցվեն եվրոպական չափանիշներին համապատասխանող ճանապարհներ:

Վարչապետն նաև առանձնացրել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես, վարկային միջոցներով համայնքային և միջպետական ճանապարհների կառուցումը, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտում թվայնացման աշխատանքների իրականացումը:

Տ. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Մանուկ Վարդանյանին կատարած աշխատանքի համար, և շնորհավորել Գ. Բեգլարյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ. «Ես համոզված եմ, որ դուք կանեք ամեն ինչ, որպեսզի այս փոփոխությունը լինի հնարավորինս սահուն»:

Ներկայացնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտեմ Ասատրյանին՝ Տ.Սարգսյանը նկատել է, որ սոցիալական ոլորտն ամենակարեւորագույն բնագավառներից մեկն է. «Քանի դեռ մենք ունենք աղքատություն եւ բարձր աշխատավարձով աշխատատեղերի կարիք, մեր առջև ծառացած են լրջագույն անելիքներ: Մեզ առաջիկայում սպասվում է մեծածավալ աշխատանք: Առջևում են նոր կենսաթոշակային բարդ և ծավալուն բարեփոխումները, ինտեգրացված սոցիալական ծառայության ներդրումը»:

Տ.Սարգսյանը նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանին՝ բնութագրելով նախարարին որպես «փորձառու մասնագետ, ով անցել է մեծ ճանապարհ»: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ աշխատակազմը պատրաստ է ապահովելու նախարարության բնականոն գործունեությունը:

Տ.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վարդան Վարդանյանին՝ նկատելով, որվերջինիս պաշտոնավարման օրոք իրականացվել են երկրի պատմության մեջ ամենամեծածավալ շինաշխատանքները, որոնց արդյունքում աղետի գոտում որակական փոփոխություններ են կատարվել. «Նախարարության առջև այսօր դրված են նոր խնդիրներ. շինարարության ոլորտում լավագույն չափանիշների ներդրում, միջազգային ստանդարտներին համապատասխանեցում»:

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նաև առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին. «Համոզված եմ, որ ձեզանից շատերը ճանաչում են Դումանյանին, քանի որ նա առողջապահության ոլորտում հայտնի մարդ է, իր փորձով և գիտելիքներով վայելում է թե համակարգի մասնագետների, թե հանրապետության նախագահի վստահությունը»:

Տ.Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հարություն Քուշկյանին՝ կատարած աշխատանքի համար: Ըստ վարչապետի՝ Քուշկյանի կատարած աշխատանքը առողջապահության ոլորտում բավական մեծ փուլ էր՝ ուղղված ֆինանսական մեխանիզմների կատարելագործմանը, հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, տարիների ընթացքում մեծածավալ շինարարական աշխատանքների իրականացմանը:

«Գաղտնիք չէ, որ հաճախ քաղաքացիները խուսափում են դիմել առողջապահական հիմնարկների, քանի որ չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ կամ չեն հետեւում առողջությանը: Մեր գերակա խնդիրն է լինելու առողջապահական ծառայությունները հասանելի դարձնել բոլոր քաղաքցիների համար»,- ընդգծել է վարչապետը:

Նորանշանակ նախարարներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել վստահության համար՝ խոստանալով անել առավելագույնը իրենց ոլորտների բարելավման նպատակով:

Նշենք, որ այսօր, նախատեսվածի համաձայն, կայանալու է Կառավարության արտահերթ նիստը, որի օրակարգում է Կառավարության ծրագրի հաստատումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում