«Հայրենասիրության պակաս պատանիների մոտ չկա». Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաները Ծաղկաձորում մասնակցել են ամառային ճամբարի

Հունիսի 15-17-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) նախաձեռնությամբ Ծաղկաձորում կազմակերպվել էր ամառային ճամբար Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների համար:

Ինչպես հաղորդում են ՀԵՀ մամուլի ծառայությունից, ինը սահմանամերձ գյուղի (Չինարի, Բերքաբեր, Բերդավան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և այլն) 9-11-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ և նրանց ուղեկցող ուսուցիչներ եռօրյա հագեցած օրեր անցկացրին Ծաղկաձորում. Մասնակցել են առաջին բուժօգնության դասընթացների, նրանց հետ զրույցներ են անցկացրել հոգեբանները, տեղի են ունեցել ռազմահայրենասիրական քննարկումներ, ուսուցանվել են ազգային երգեր և պարեր:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը աշակերտների և նրանց ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ սահմանամերձ գյուղերի աշակերտների և երիտասարդների խնդիրները ՀԵՀ-ի ուշադրության կենտրոնում են, և նրանց համար նախատեսված ծրագրերը շարունակական են լինելու։ Կարեն Ավագյանը հանդիպման ընթացքում պատասխանել է տավուշցի պատանիների և ուսուցիչների հարցերին։ Ներկաներին առավելապես հետաքրքրում էին ԼՂՀ հիմնախնդրի բանակցային գործընթացը, ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, սահմաններում հրադադարի ապահովումը։

Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վոլոդյա Ավագյանը նշում է, որ հակառակորդի արձակած կրակոցներին վաղուց արդեն սովորել են ու խուճապի չեն մատնվում։ Ծնողներն ու ուսուցիչները սովորեցրել են՝ կրակոցներ լինելու դեպքում ինչպես իրենց պահեն վտանգից խուսափելու համար։ Վոլոդյան որոշել է զինվորական դառնալ. դպրոցն ավարտելուց հետո դիմելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և վերադառնալու է՝ պաշտպանելու հայրենի գյուղի սահմանները։

Մովսես գյուղի դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մարո Առաքելյանը փաստում է, որ հայրենասիրության պակաս պատանիների մոտ չկա. «Երեխաներն ուզում են պահել իրենց սահմանը, նրանց ցանկությունն է՝ իրենց գյուղը լինի կանգուն։ Այս երեխաները փոքր տարիքից սահմանապահ ու զինվոր են և երբեք իրենց բնակավայրը ոչ ոքի չեն տա»։

Սահմանամերձ գյուղերի աշակերտների հետ հանդիպել են և զրույցներ են ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, Մանկական հոգեբույժների և հոգեբանների ասոցիացիայի փոխնախագահ Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ Արմեն Սողոյանը։ Մասնագետները փորձել են պարզել, թե սահմանային միջադեպերի պայմաններում ապրող երեխաների մոտ ինչպիսին է ապագայի ընկալումը։

Ըստ Խաչատուր Գասպարյանի՝ տրավմատիկ իրադարձությունները մարդու կյանքը շրջադարձային ձևով կարող են փոխել։ «Ավագ դպրոցի երեխաների տարիքային առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ փորձում են փնտրել-գտնել իրենց տեղը կյանքում։ Եվ այդ ժամանակ երբեմն տրավմաները մարդուն խանգարում են։ Մենք փորձեցինք հասկանալ, թե այդ տրավման ինչ է փոխել նրանց կյանքում։ Երբեմն տրավման կարող է նաև օգնել մարդուն ավելի հեշտությամբ կողմնորոշվել։ Մեր զրույցների ընթացքում աշխատեցինք օգնել երեխաներին ազատվել այդ տրավմաներից»,- նշել է Խաչատուր Գասպարյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կշարունակեն աշխատանքն այն երեխաների հետ, ովքեր ունեն որոշակի դժվարություններ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագիրը շարունակական է. հետագայում կընդգրկվեն նաև Տավուշի մարզի այլ գյուղերի և այլ տարիքային խմբերի աշակերտներ: Նման ծրագիր կանցկացվի նաև ԼՂՀ սահմանամերձ գյուղերի երեխաների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում