Նախագահը մասնակցել է ՀՀ Կառավարության արտահերթ նիստին

Նախատեսվածի համաձայն՝ այսօր կայացել է ՀՀ Կառավարության  արտահերթ նիստը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նիստի օրակարգում ընդգրկված էին Կառավարության ծրագրի քննարկման և Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ հարցերը:

Panorama.am-ի հաղորդմամբ՝ արտահերթ նիստի բացմանը Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջի, վարչապետի ներկայացմամբ ստորագրել է ՀՀ կառավարության ձևավորման համար անհրաժեշտ բոլոր հրամանագրերը:

Նախագահը շնորհավորել է նորանշանակ նախարարներին կառավարության անդամ դառնալու կապակցությամբ՝ նշելով, որ կառավարության նոր կազմում շարունակում են աշխատել նախկին նախարարների հիմնական մասը, նշանակվել են նաև նոր նախարարներ, ովքեր ունեն կառավարչական և կազամակերպչական աշխատանքի հմտություններ:

«Կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ մենք ձեզ հետ միասին ծավալուն ու դժվարին աշխատանք ունենք անելու: Վստահության այն հսկայական վարկը, որ մենք ստացել ենք մեր ընտրողներից՝ կրկնապատկել է մեր պատասխանատվությունը, նաև կարծում եմ, որ ոչ ոք չպետք է կասկածի այն վճռականությանն ու խստապանջությանը, որով մենք լծվում ենք գործի»,-կառավարության գործունեության ծրագրի հաստատումից հետո ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը կառավարության անդամներին կոչ է արել տրամադրվել ծանր, բայց պատվաբեր աշխատանքի. «Սա առաքելություն է: Ընտրություններում հաղթել չի նշանակում հանգստանալ դափնիների վրա, այլ՝ ճիշտ հակառակը, մեզ ոչ ոք դափնիներ չի խոստացել: Մեզ այստեղ են ուղարկել աշխատելու՝ անձնուրաց, բարեխղճորեն, պարտքի մեծագույն գիտակցումով»:

Նախագահը նկատել է, որ կառավարության կազմում հեղափոխական փոփոխություններ չեն կատարել, քանի որ շատ ծրագրեր արդեն իսկ ընթացքի մեջ են գտնվում: Սակայն սա չի նշանակում, որ հեղափոխական արդյունքներ չեն ակնկալելու գործադիրի աշխատանքից:

Ս.Սարգսյանի խոսքերով՝ անցած տարիների ամենակարևոր ձեռքբերումը՝ ՀՀ տնտեսության կերպարանափոխումը, տեղի ունեցավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին հաջորդած դժվարին ժամանակահատվածում: Նախագահը նշել է, որ տնտեսության կառուցածքային փոփոխությունները, մասնավորի հետ աշխատելու նոր ոճը, տնտեսվարման գործընթացում պետության խթանիչ դերակատարության նկատելի ակտիվացումը, հնարավորություն են տվել ապահովել թե նոր ներդրումներ ու տեխնոլոգիական լուծումներ, թե բավականաչափ կայուն սոցիալական քաղաքականություն: Նա միաժամանակ նկատեց, որ փոփոխությունների շղթան պետք է թափով ընդգրկի բոլոր ոլորտները:

«Պետական կառավարման արդյունավետության բարձրացմամբ, պետական ինստիտուտների գործառույթների կրկնությունից հետևողականորեն ձերբազատման, ինչպես նաև մեկնարկած մյուս բոլոր բարեփոխումների արդյունքները պետք է տեսանելի լինեն յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նաև ասել է, որ առաջիկա նախագահական ընտրություններից հետո պետք է կրկին անդրադարձ կատարվի կառավարության ձևավորելու հարցին և գնահատվի գործադիրի աշխատանքը. «Կարծում եմ՝ իմ դրած խնդիրները պարզ են բոլորի համար: Կառավարությանը մաղթում են հաջողություն, որով առաջիկա տարիներին պայմանավորվելու է շատ բան, եթե չասենք՝ ամեն ինչ»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին կառավարության նորանշանակ անդամների և իր անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին բարձր վստահության համար՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են՝ ՀՀ Նախագահի վստահությունը, ինչպես նաև ժողովրդի սպասելիքներն արդարացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում