Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հայտնում են Կառավարության մամլո ծառայությունից:
«Մենք շահագրգռված ենք հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ և ընդլայմամբ: Մեզ համար այդ համագործակցությունն ունի կարևոր նշանակություն նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ հայ-գերմանական համատեղ ծրագրերն առանձնանում են իրենց արդյունավետությամբ և հույս հայտնել, որ դրանց թիվը հետագայում կաճի:
Հանս-Յոհեն Շմիդտը շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին՝ համագործակցության համար և հիշատակել վարչապետի օժանդակությունը գերմանական ներդրումների ներգրավման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Գերմանիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում ակտիվ գործունեություն ծավալելու գործում:
Այդ համատեքստում զրուցակիները քննարկել են էներգետիկ, կրթական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ ծրագրերին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Դեսպանը նշել է, որ այսուհետ ևս կշարունակի գործել ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման:
Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանում կատարած աշխատանքի համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում