Լաչառությունը՝ որպես քաղաքական կապիտալ
Նմանատիպ
Վերջին երկու օրերի ընթացքում Խորհրդարանում տեղի ունեցած իրադարձությունները հասարակությանը ցույց տվեցին Հայ ազգային կոնգրեսի՝ որպես խորհրդարանական ուժի ողջ «փայլն ու պերճանքը»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ և այսօր Խորհրդարանում տեղի է ունեցել Կառավարության նոր ծրագրի ներկայացումն ու դրույթների քննարկումը: Իրականում, սակայն, քննարկում որպես այդպիսին չեղավ: Եղան քննադատություններ, վիրավորանքներ, լոզունգային հայտարարություններ… մի խոսքով ամեն ինչ, բացի քննարկումներից: Եվ այս ամենում, ինչպես և կարելի էր սպասել, աչքի ընկան հատկապես ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունների պատգամավորենրը: «Առավել ընդդիմադիր» երևալու իրենց մոլուցքի մեջ, քաղաքական այս ուժերի ներկայացուցիչները մոռացել էին ոչ միայն անցյալն, այլև ներկան: Քննադատություն հանուն քննադատության: Ահա այն կարգախոսը, որով առաջնորդվում էին ՀԱԿ և ԲՀԿ պատգամավորները: Եվ, պետք է ասել, որ երկու կողմերն էլ ունեին դրա դրդապատճառները. ԲՀԿ-ն փորձում է ամրապնդել իրեն իբրև ընդդիմադիր քաղաքական ուժ իսկ ՀԱԿ-ը՝ «ապացուցել» իրենց ընտրողներին, որ լաչառության վայրն այլևս Խորհրդարանն է և ոչ Ազատության հրապարակը: Արդյունքում հասարակությունը դարձավ հերթական տրագիկոմեդիայի ականատեսը, որի շարունակությունն ու հետևանքները դեռ երկար կտխրեցնի Հայաստանի քաղաքացիներին:
Պետք է նշել, որ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթները գրեթե ոչնչով չտարբերվեցին ընդդիմադիրների գնահատականներից: Նույն անբովանդակ լաչառությունը, որն այս անգամ արտահայտվեց կենաց ասելու նրանց հիանալի կարողությամբ: Եվ ուրեմն կեցցե’ Կառավարության նոր ծրագիրը, կեցցե’ հայաստանյան քաղաքական դաշտը և կեցցե’ «քաղաքական կատեգորիա» դարձած լաչառությունը:
Սևակ ՄՈԿԱՑԻ
Հետևեք մեզ նաև Telegram-ում