Կառավարության ծրագիրն ընդունվել է ԱԺ-ում. 4 քաղաքական ուժ դեմ է քվեարկել ծրագրին
Նմանատիպ
Ազգային ժողովում ընդունվել է Կառավարության ծրագիրը՝ 75 կողմ, 47 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախապես հայտարարվածի համաձայն՝ օրինագծին դեմ են քվեարկել խորհրդարանի վեց քաղաքական ուժերից չորսը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունը և ԲՀԿ-ն, իսկ կոալիցիայի անդամները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը՝ կողմ:
Նախքան քվեարկությունն սկսելը, ելույթ են ունեցել ԱԺ նախագահը և վարչապետը: Հովիկ Աբրահամյանը կոչ է արել կողմ քվեարկել կառավարության ծրագրին՝ նշելով, որ ՀՀԿ-ն համաձայն է, որ անցյալում առկա էին թերություններ ու սխալներ, սակայն «չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»:
Տիգրան Սարգսյանն իր հերթին կոչ է արել պատգամավորներին հանդես չգալ զրպարտությամբ և անձնական վրեժխնդրությամբ: Վարչապետը նաև նշել է, որ ինքը պատրաստակամ է քննարկել և կյանքի կոչել ընդդիմության արած բոլոր առաջարկությունները,եթե կողմերը համաձայնության գան. «Մենք երբեք չենք ասել, որ անսխալական են եղել»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում երկու օր շարունակ քննարկվում էր Կառավարության նոր ծրագիրը: Ընդդիմադիր կուսակցությունները և ԲՀԿ-ն իրենց ելույթներում հանդես են եկել նախորդ կառավարության ծրագրի քննադատությամբ՝ մատնանշելով, որ նախորդ կառավարության կազմը գրեթե նույնն էր, և վերջին հինգ տարիների ընթացքում այդ կազմով չի հաջողվել կյանքի կոչել նախորդ ծրագիրը, ինչը, ըստ ընդդիմադիրների, չի հաջողվի անել նաև գալիք հինգ տարիներին, առավել ևս, որ այս ծրագրում ավելի շատ են «անհավանական» թվերը: Որպես ևս մի նշանակալի թերություն ընդդիմությունը նշել է, որ ծրագրում նշված չեն փոփոխությունների իրականացման ժամկետները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում